Վրաստանում տեղական ինքնակառավարման համակարգում փորձ է արվում փոփոխություններ իրականացնել. ի թիվս այլ փոփոխությունների՝ մի շարք քաղաքների հնարավորություն է տրվում ընտրել իրենց քաղաքապետին:
Այս փոփոխությունը շատերի մոտ մտահոգություն է առաջացրել. վրացական կողմում մտահոգվում են, որ ոլորտը կարգավորող նոր օրինագիծը կարող է անջատողականության պատճառ դառնալ, հայկական կողմից էլ տեսակետներ էին հնչում, որ Ախալքալաքը նախապես ընդգրկվել է ինքնավար քաղաքների ցանկում, սակայն հետագայում՝ վրաց պատրիարք Իլյա 2-րդի միջամտությունից հետո, այն դուրս է մնացել այդ ցանկից:
«Բազմազգ Վրաստան» ՀԿ նախագահ Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է: «Ես կարծում եմ, որ հունվարին կամ առավելագույնը փետրվարին օրենքն ամբողջությամբ կընդունվի: Հունիսի սկզբին մեզ մոտ ընտրություններ են, և մեզ դժվար շրջան է սպասվում, որպեսզի օրենքի կիրարկման հետևանքով բխող փոփոխությունները կատարվեն: Այստեղ հատկապես մեծ աշխատանք ունի կատարելու Ընտրական հանձնաժողովը: Իլյա երկրորդի հայտարարության ժամանակ Ախալքալաքի հարցը ոչ մի կերպ չէր քննարկվում, Ախալքալաքը չէր դիտարկվում որպես ինքնակառավարվող քաղաք:
Պատրիարքի հայտարարությունից հետո փաստացի ինքնակառավարվող քաղաքների թվից դուրս եկավ Մառնեուլին: Անկեղծ ասած՝ ես հեռու եմ այն համոզումից, որ դա միայն պատրիարքի միտքն էր: Պատրիարքին հավասար՝ անջատողականության հնարավորության մասին մտածում են նաև չափից շատ ոչ կոմպետենտ մարդիկ, ովքեր այս ոլորտի մասին ոչինչ չգիտեն, ովքեր ակնհայտորեն տեղյակ չեն տարածաշրջանում տիրող իրավիճակին: Այս օրինագիծը շրջանում անջատողականության ոչ մի վտանգ, սպառնալիք չի ներկայացնում»,- ասաց նա:
Ընդհակառակը՝ Ստեփանյանը կարծում է, որ օրինագիծը հնարավորություն է տալիս հենց տեղում սեփական միջոցները կառավարել ապագայում ընդհանուր պետականության, մեկ պետության շրջանակներում, ուստի կարծում է, որ այս օրենքը կկարողանար թեթևացնել շատ շատերի կյանքը:
ՀԿ նախագահը նախագծի շուրջ աշխատող փորձագիտական խմբի մասնակիցներից մեկն է: Նա նշում է, որ այս օրինագծի նախնական տարբերակից շատ բան չի մնացել, քանի որ բավական փոփոխվել է այն, սակայն հորդորում է սպասել օրենքի վերջնական ընդունմանը, որպեսզի պարզ դառնա՝ ինչ են պահել, ինչ հանել:
«Պիտի ասեմ միայն, որ անգամ այն, ինչ թողել են, նախնական փուլի համար վատ չէ, մենք, կարելի է ասել, 10-15 տարուց ավելի է՝ սպասում էինք դրան: Նախկինում իշխանությունները խոստանում էին այս ռեֆորմն անցկացնել տեղական ինքնակառավարման ոլորտում, նույն վտանգը, սպառնալիքը կա նաև այժմ, բայց ես ուղղակի կարծում եմ, որ օրենքը կընդունվի՝ հակառակ մարդկանց այն մեծ բազմության, ովքեր դրան ընդդիմանում են:
Պարզ էր, թե ովքեր են օրինագծին ընդդիմանում. բացի այդ մարդկանցից, նաև՝ ներքին գործերի, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունները: Այսինքն՝ ՆԳ նախարարությունը, չէի ասի, ընդդիմանում է, սակայն անջատողականության սպառնալիքի մասին ենթադրությունն այս օրինագծի վերաբերյալ ՆԳ նախարարության հարցերից մեկն էր, այնպես որ՝ պատրիարքը պարզապես բարձրաձայնեց այն հարցը, որ արդեն գոյություն ուներ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում»,- ասաց նա:
Ստեփանյանի խոսքով՝ սկզբում դրված էր ինքնակառավարման իրավունք ստանալու ավելի ցածր շեմ՝ քաղաքը պիտի ունենար մոտ 5000 բնակիչ. Ախալքալաքում կա 5 500 բնակիչ, բայց շրջակա գյուղերի հետ միասին, իսկ առանց գյուղերի Ախալքալաքն այդքան բնակիչ չունի:
Ամեն դեպքում, ըստ ՀԿ նախագահի, սկզբում Ախալքալաքը այս օրինագծում ընդգրկվել-չընդգրկվելու հարցի տակ էր, ամեն դեպքում՝ պատրիարքի հայտարարության պահին հայտնի չէ՝ նա տեղյա՞կ էր, որ Ախալքալաքը մտնում է այդ քաղաքների մեջ, թե՞ ոչ, բայց որպես ինքնակառավարվող քաղաք՝ դիտարկվում էր Մառնեուլին:
Ստեփանյանը, սակայն, նշեց, որ իրենք պատրաստվում են պայքարել, որպեսզի վարչական մեծ կենտրոններում հնարավոր լինի ընտրել քաղաքապետի, այդուհանդերձ՝ այս փուլում դա իրատեսական չէ, քանի որ անջատողականության սպառնալիքը, որ կանխամտածված ներդրվում է այս օրենքին զուգահեռ, աշխատում է, դրանից մտավախություն կա Վրաստանի բնակչության մեծ մասի մոտ:
«Դա, ինչ խոսք, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հակամարտությունից է գալիս, բայց որոշակի վախ կա, կան ոչ կոմպետենտ քաղաքական գործիչներ, որոնք դրանից օգտվում են, և ովքեր պարզապես ցանկանում են այս օրինագիծը վերացնել, այդ պատճառով նման միֆեր են տարածում: Այս օրինագծի շնորհիվ նախնական տարբերակով արդեն իսկ քաղաքապետ ընտրող համայնքներին կավելանան ևս չորսը, բայց այդ մասին խոսելը դեռ վաղ է, ավելի լավ է՝ սպասենք: Չեմ բացառում, որ կարող է որևէ բան փոխվել:
Եթե մենք ցանկանում ենք, որ հունիսին ընտրություններ անցկացվեն, դա արդեն ասված է, եթե մենք փետրվարի սկզբին չընդունենք այդ օրենքը, մեծ խնդիրներ կառաջանան ընտրությունների կազմակերպման տեսանկյունից: Նոր օրենսդրությամբ, նոր ձևով պիտի անցկացնենք ընտրությունները, չափից դուրս քիչ ժամանակ է մնում, որպեսզի այդ փոփոխությունները մտցնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ Թբիլիսիում էլ մեծ խնդիրներ կլինեն, քանի որ առաջանում են նոր վարչական շրջաններ են և այլն: Քաղաքապետերը նախապես կընտրվեն երեք տարով:







































