Լե Բուրժեի ավիասալոնը ոչ միայն նոր տեխնիկայի ցուցադրության և շնորհանդեսների հարթակ է, այլ նաև լավագույն վայր գործարքներ կնքելու համար՝ մարտադաշտ՝ նոր հաճախորդներ ձեռքբերելու, մրցակիցներից նրանց հաճախորդներին «խլելու» համար: Պատերազմն ընթանում է երկու «լիգաներում»՝ խոշորների և ավելի փոքրերի: Այս մասին գրում է RBC-ն:
Այս հարթակում ամենահետաքրքիրը Airbus և Boeing ավիաշինական խոշորագույն ընկերությունների մարտերին հետևելն է: Այս անգամ ամերիկյան Boeing-ը իսկական ֆիասկո ապրեց՝ ջախջախվելով իր եվրոպական մրցակցից:
Անցած տարի Airbus-ը հայտարարել էր Neo ծրագրի իրականացման մասին, որը ենթադրում էր էկոլոգիապես մաքուր և խնայող շարժիչներով ինքնաթիռների արտադրություն (մոտ 15%-ով): Այն ժամանակ նավթն էժան էր, և նմանատիպ մեքենաների կարիք չէր զգացվում: Սակայն այս տարի նավթի գինը հատեց 100 դոլարի սահմանը, և հիմա Airbus-ում շամպայն են խմում: Neo նախդիրով մեքենաների վաճառքն ամենաշռնդալիցն էր Լե Բուրժեում:
Ավիասալոնը չի ավարտել աշխատանքները, սակայն եվրոպական ընկերությունն արդեն կնքել է A320 տիպի 850 ինքնաթիռի վաճառքի պայմանագրեր: Ամենամեծ պատվերները ստացվել են IndiGo և GoAir ավիաընկերություններից, որոնք, միասին վերցրած, պատվիրել են 250 ինքնաթիռ: Boeing-ին բաժին են հասել շատ ավելի քիչ քանակությամբ պատվերներ:











































