Բելգիական Indaver ընկերությունը, որը մասնագիտացված է քիմիական մնացորդների ոչնչացման մեջ, առաջարկել է պտտվող փակ վառարաններում այրել մնացորդները, որոնք կառաջանան Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հետևանքով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Նրանց տվյալներով՝ առաջիկա օրերին Indaver-ը համապատասխան առաջարկը կուղարկի Քիմիական զենքի արգելման կազմակերպություն: Բելգիական ընկերությունն առաջարկում է քիմիական զենքի ոչնչացումից հետո առաջացած մնացորդներն այրել իր ձեռնարկության բազայում, որը գտնվում է Անտվերպեն քաղաքի մոտ:
Բելգիական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Սիրիայից դուրս բերվող 1300 տոննա քիմիական զենքից առնվազն 560 տոննան կոչնչացվի մասնագիտացված ամերիկյան նավի վրա: Արդյունքում կառաջանան զգալի քանակությամբ թունավոր մնացորդներ, որոնք կայրվեն ցամաքում:









































