«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:
– Պարոն Բոժկո, ուկրաինական հասարակությունն ընտրել է Եվրոպայի հետ ինտեգրացման ուղին, բայց, ինչպես երևում է, այդ ընտրությունն իրականություն չի դառնում, թեև Մայդանը լի է բազմահազար մարդկանցով, ովքեր պահանջում են Եվրոպայի հետ ասոցացում: Կարծիք կա, որ Եվրոպան մեծ հույսեր չի կապում ուկրաինական ներկայիս ընդդիմության հետ, այդ պատճառով չկա մեծ աջակցություն, բայց կան նաև հակառակ կարծիքներ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է խնդիրը, և ինչպե՞ս կհանգուցալուծվի այս հարցը:
– Ուկրաինական ընդդիմությունը այնպիսին է, ինչպիսին որ կա, և մոտակա ժամանակներս երևի թե իրադրությունը չի փոխվի՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնցում գտնվում է մեր հասարակությունը, երբ բոլոր միջոցները՝ քաղաքական, ֆինանսական, պատժիչ, կենտրոնացված են իշխող վերնախավի ձեռքերում: Հազիվ թե, ասենք, եվրոպական որևէ համախմբված քաղաքական ուժ կարողանար անել ավելին: Որպեսզի իրադրությունը արմատապես փոխվի, անհրաժեշտ են քաղաքական և տնտեսական խորը ցնցումներ, այնպիսիք, ինչպիսիք եղել են անցյալ հարյուրամյակի ութսունական թվականների վերջին:
Եվրաինտեգրացման ուղին հետխորհրդային երկրների աստիճանական մոդեռնացման ճանապարհն է: Դա թույլ կտա մոտենալ ժամանակակից աշխարհի մակարդակին, միաժամանակ խուսափել խորը սասանումներից, որին, իմ կարծիքով, և ոչ միայն իմ, անկասելիորեն մոտենում ենք: Այլաբանորեն ասած՝ Եվրոպան մեզ հրամցնում է կարթ, իսկ ձուկ որսալու ձևերին մենք ինքնուրույն պետք է տիրապետենք: Մինչդեռ մեր վերնախավը նախընտրում է ձուկը ձրի ստանալ…
– Այս փուլում, երբ Ուկրաինան ժամանակավորապես հրաժարվել է ասոցացումից, Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը, ստացվում է, որ Ռուսաստանը հաղթել է աշխարհաքաղաքական պայքարում: Ինչպե՞ս պետք է վարվի Եվրոպան:
– «Ռուսաստանը հաղթել է աշխարհաքաղաքական պայքարում» արտահայտությունը կարող է լոկ ներողամիտ ժպիտ հարուցել իմացող, գիտուն մարդկանց դեմքին: Բավական է համեմատել Ռուսաստանի և Եվրամիության տնտեսական կարողությունները, երկուսի տեխնոլոգիական մակարդակները՝ հավաստիանալու համար այդ «հաղթանակի» «համոզիչ» լինելու մեջ: Կարո՞ղ եք արդյոք դուք պատկերացնել, որ ամբողջ աշխարհը հանկարծ «Մերսեդես»-ներն ու «Տոյոտա»-ները թողած՝ անցնի «Ժիգուլի»-ների ու «Նիվա»-ների: Ես, օրինակ, չեմ կարող: Քաղաքակրթության զարգացման ընթացքը հնարավոր չէ կասեցնել:
– Ուկրաինական հասարակությունն ու ընդդիմությունը ի՞նչ քայլեր, աջակցություն է սպասում Եվրոպայից:
– Տարբեր սպասելիքներ կան: Օրինակ՝ կառավարության որոշ անդամների, Մայդանի մասնակիցների հետ հաշվեհարդար տեսնելու մեջ կասկածվող ներքին գործոց նախարարի, ընդդիմության դեմ գործված բազում հանցանքները դիտավորյալ չհետաքննող Գլխավոր դատախազի դեմ պատժամիջոցների կիրառում՝ նրանց մուտքը Եվրամիություն արգելելը, կասկածելի բանկային հաշիվները սառեցնելը և այլն: Բայց պետք է հասկանալ, որ Եվրոպան, ինչպես ընդհանրապես ամբողջ Արևմուտքը, հազիվ թե ցանկանա Ուկրաինային աջակցելիս հրշեջ խմբի դեր կատարել: Հուսով ենք, որ Եվրամիության ողջախոհ ղեկավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Ուկրաինայում իրադրությունը չհանգի ծայրահեղության: Դրանում, թվում է, կհամոզվենք Նոր տարվա և Ծննդյան տոներից հետո:
– Տեսակետներ են շրջանառվում, որ հետխորհրդային տարածքում, որտեղ գերիշխող դիրքեր ունի Ռուսաստանի Դաշնությունը, և որից մեծ կախվածության մեջ են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ուկրաինան, պետք է նոր ձևաչափ գործի, այն է՝ «և-և»-ը, որը փորձում էր առաջ քաշել հայկական կողմը: Ո՞րն է տարածաշրջանում երկու բևեռները հավասարակշռելու ամենաընդունելի ձևաչափը՝ Ձեր կարծիքով:
– Ես համարում եմ, որ «և-և» ձևաչափը կարող է հարմար լինել քաղաքական, բայց ոչ տնտեսական կամ իրավական ոլորտում: Եթե ուզում ենք ապրել եվրոպական ձևով, ապա պետք է ընդունենք խաղի այն կանոնները, որոնք վաղուց ի վեր ապացուցել են իրենց առավելությունն ու արդյունավետությունը: Օրինակ՝ ինձ համար ամենաընդունելի ձևաչափը կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանն էլ միանա եվրահարևանության ծրագրին՝ ինչու ոչ: Իհարկե, ցանկալի է, որ մենք շարունակենք մնալ Եվրամիության ուշադրության կենտրոնում և Եվրամիության անդամ դառնալու ավելի հստակ հեռանկար տեսնենք:









































