Համշենահայերն Ամանորին պատրաստվում են, սակայն ոչ այնպես, ինչպես Հայաստանում: Համշենահայ Հաքան Գեզին, ով տարվա մի մասն անցկացնում է հայրենի Համշենում, մյուս մասն` արտերկրում, նշում է, որ այս տոնը` Ամանորը, համշենահայությունը մշտապես նշել է ոչ այնքան երջանիկ, սակայն ժամանակի հետ տոնական տրամադրությունը փոխվել է, դարձել առավել ուրախ: Այսօր արդեն Ամանորի տոնակատարությունը համշենահայերի ընտանիքներում նույնպես նշվում է հայաստանցիների նման՝ ուրախ մթնոլորտում:
Զուտ համշենահայությանը հատուկ որևէ ավանդույթ Գեզին դժվարացավ նշել, միայն ասաց` հյուր ենք գնում, և իհարկե՝ հյուրեր ընդունում: «Սա ընտանեկան տոն է, սեղանին դրվում են ամենատարբեր ուտեստներ, դրանց մեջ նաև՝ հավ կամ հնդկահավ»,- ասաց նա: Գեզին դժվարացավ նշել՝ ինչ հայկական ուտեստներ են դրվում, ասաց միայն, որ իր կարծիքով` հայկական և թուրքական կերակուրները նման են իրար: «Հին Նոր տարին մենք` համշենահայերս, չենք նշում, պարզապես հյուր ենք գնում և հյուր ընդունում, սակայն այդ օրը առանձնահատուկ ոչինչ չի կատարվում»,- ասաց նա:






































