Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը ՀՅԴ-ից միացել են երեք պատգամավորներ։ Պատգամավոր Ռուզան Առաքելյանը պնդում է, թե դա կուսակցության Գերագույն մարմնի որոշումն է եղել։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, թե ստորագրահավաքին միացել են երեք պատգամավորներ, որոնք ստորագրելու պահին եղել են Հայաստանում, իսկ մյուսները բացակայել են հանրապետությունից։
Ռուզան Առաքելյանը պարզաբանել է, թե ինչու են միացել ստորագրահավաքին։
«Պարզապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախ պիտի ապացուցվի մարդու մեղավորության աստիճանը։ Եվ քանի որ նա կանչվել է որպես վկա, ապա խափանման միջոցը փոխվեց։ Գերագույն մարմինն է հայտարարել, որ մենք՝ մի քանի պատգամավորներ, պիտի ստորագրենք և հայտնենք մեր մոտեցումը, որ որոշակի հանգամանքներ պիտի ապացուցվեն, նոր մարդուն կալանավորեն»,- ասել է Ռուզան Առաքելյանն ու հավելել, թե կուսակցական որոշումը բոլորին է վերաբերում։
Արդյո՞ք ՀՅԴ-ի դիրքորոշումը, թե Քոչարյանի դեմ հետապնդման մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում, չի հակասում Փաշինյանի գլխավորած կառավարության դիրքորոշմանը, այս հարցին էլ Ռուզան Առաքելյանը պատասխանել է. «Մենք չենք ասում՝ եթե մարդը հանցագործ է, չպիտի դատապարտվի։ Բայց պիտի ապացուցվի նրա հանցանքի աստիճանը։ Մենք չենք պաշտպանում մեղավորներին, խոսքն այն է, որ պիտի ապացուցվի մարդու մեղավորության աստիճանը։ Այս դեպքում մենք գործ ունենք ոչ պատահական մարդու հետ, ի վերջո, մեր երկրի երկրորդն նախագահն է եղել։ Նաև հարգանք տածելով նրա նախկին կարգավիճակի հանդեպ։ Այդպես կարող է լինել ցանկացածի հանդեպ՝ վաղը, մյուս օրը ցանկացած պաշտոնյայի հետ կապված։ Ի վերջո, մարդիկ կենսագրություն ունեն։ Այդ կենսագրության մեջ, եթե կա հատված, որ նա հանցանք է գործել, Սահմանադրություն է խախտել, օրենքներին դեմ է գործել, դատարանն ինքը կորոշի նրա մեղավորության աստիճանը»։
Հարցին՝ արդյոք վստահ է, որ Քոչարյանը, հայտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի քննության ընթացքին, Ռուզան Առաքելյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ պիտի նա այդքան ողջախոհություն ունենա։ Նա կանգնած է մի փաստի առջև, երբ ամեն մարդ, ինքն առավել ևս, պիտի ապացուցի իր մեղավորության և անմեղության աստիճանը»։
Ռուզան Առաքելյանը նաև չի կարծում, թե Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը միանալը տարաձայնություն է գործող իշխանության հետ։ «Դրանք քաղաքական գործընթացներ են, ամեն բան կարող է պատահել։ Մենք ոչ թե դա պայմանավորել ենք անձերով, դեմքերով, այլ քաղաքական իրավիճակներով։ Այդ իրավիճակները մենք գնահատել ենք մեր երկրի անվտանգությունից, մեր ժողովրդի ներկա կացությունից ելնելով։ Եթե մենք այսօր ուզում ենք, որ ամեն ինչ ճշգրիտ լինի, ամենից շատ ՀՅԴ-ն է շահագրգիռ, որ բացահայտվեն այն գործերը, որոնք քաղաքական իրավիճակներից ելնելով են եղել»,- ասել է նա և հիշեցրել, որ ՀՅԴ-ն էլ ժամանակին տուժել է քաղաքական իրավիճակի պատճառով. «Մեր ընկերները բանտեր նստեցին, ես ինքս «Երկիր» թերթում էի աշխատում, երբ թերթը փակվեց, մենք բոլորս հայտնվեցինք դրսերում։ Դա էլ էր քաղաքական գործընթացների արդյունքում։ Մենք ամենից շատ կուզենանք, որ բոլոր այդպիսի գործերը, որոնք քաղաքական գործընթացների արդյունքում են եղել, բացահայտվեն, այդ թվում՝ Մարտի 1, Հոկտեմբերի 27: Մենք ուզում ենք, որ մինչև վերջ Մարտի 1-ի դեպքերը բացահայտվեն, և պատժվեն բոլոր ենթադրյալ մեղավորները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը»։
Պատգամավորը նաև չի համարում, թե միջնորդությանը միանալը հակահեղափոխականության դրսևորում է։ «Շատ պրիմիտիվ և նաիվ է մտածել, թե սա հակահեղափոխական շարժում է։ ՀՅԴ-ն այս ժողովրդական շարժման կողմնակից է և կողքին է եղել անմիջապես։ Եվ մենք այդ շարժման ղեկավարներին սատարեցինք, նրանց կողքին եղանք, սա մեր ժողովրդի կամքն էր, և երբևէ ՀՅԴ-ն չի կարող մեր ժողովրդի կամքին հակառակ լինել»,- ասել է նա և պնդել, թե զուտ կանգնում են անմեղության կանխավարկածի օգտին։ «Եվ Սահմանադրության ու օրենքի տառի կողքին ենք, եթե ապացուցվի Ռոբերտ Քոչարյանի մեղավորության չափը, պարզ չէ՞, որ մենք չենք կարող օրենքին դեմ լինել և մեր համակրանքներով ու հակակրանքներով պայմանավորել»։
Նշենք, որ ՀՅԴ-ից ստորագրահավաքին միացել են Ռուզան Առաքելյանը, Արմենուհի Կյուրեղյանն ու Ռոմիկ Մանուկյանը։









































