«Ես գյումրեցի եմ, Երևանն առաջին անգամ տեսա, երբ ընդունվեցի ինստիտուտ… քայլում էի փողոցներով ու զգում էի, որ իմ քաղաքն է: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, լուսանկարիչ Սամվել Սևադան (Գրիգորյանը): Խոսելով մանկությունից՝ Սևադան նշեց դպրոցական տարիներին իր «ոտքից գլուխ սիրահարության մասին». «Հիշում եմ, թե ոնց առաջին նամակն ստացա… Ինձանից մի դասարան ցածր էր, երկու տարի ձայնը չեմ լսել, հարյուրավոր նամակներ ենք գրել իրար, բայց ես այդպես էլ չհամարձակվեցի մոտենալ իրեն, այդպես էլ ձայնը չլսեցի: Երբ առաջին կուրսում էի, ընկերս նամակ գրեց, որ նա ամուսնացել է, ես շատ ծանր տարա, նամակները վառեցի, բայց շատ կուզենայի պահած լինեի: Հետո պարզվեց, որ այդ լուրը ճիշտ չէր… Մինչև հիմա մութ է ինձ համար, թե ինչու ընկերս խաբեց… Ու հետո, երբ մի անգամ անհատական ցուցահանդես էի բացել, տպավորությունների մատյանը բացեցի, տեսա ծանոթ ձեռագիրը, սիրտս թփթփաց: Գրել էր՝ ուրախ եմ, հպարտ եմ… և գրել էր, որ համալսարանի ուսանող է: Ես հանդիպեցի, բայց նույնը օրը պարզվեց, որ մենք իրար հետ կապ չունենք. առաջին սերն էր, որ փուչ եղավ»:
Արվեստը մարդու կայացման, զարգացման, մտածելակերպի մեջ ի՞նչ դեր ունի և կարո՞ղ է արդյոք մարդու ներսում հեղափոխություն անել. այս հարցին ի պատասխան՝ Ս. Սևադան նշեց, որ արվեստը հեղափոխություն է անում թե՛ ներսում, թե՛ դրսում. «Մարդիկ կան, որ վախենում են նույնիսկ խոսեն, ուր մնաց հեղափոխություն անեն, վախենում են փոխեն իրենց ոճը, մտածում են՝ կարող է կորցնեն այն, ինչ ունեն: Ես այդ իմաստով ռիսկով եմ: Ես 4 սենյականոց տունս, արվեստանոցը թողեցի ու գնացի Ամերիկա, որովհետև ուզեցի փոխեմ կյանքս, չէի ուզում այդպես անել, դեռ Սովետական Միություն էր, բաներ կային, որ չէի սիրում…»:
«Ամեն մարդ հեղափոխություն պետք է իր մեջ անի, հասկանա, որ ինքը մասնակից է այդ հեղափոխությանը, նոր դրանից հետո մտածի, թե ինչպես պետք է մասնակից լինի, որ հեղափոխությունը կայանա մինչև վերջ»,- ընդգծեց Ս. Սևադան:
Մանրամասն՝ տեսանյությում









































