Հունիսի 21-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկություն տարածեց, որ 2018-2019 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 8 թիմեր: Դրանք են՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Լոռին», «Արցախը», «Ալաշկերտը», «Գանձասար-Կապանը», «Բանանցը» և Երևանի «Արարատը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու ազգային արտոնագրեր էին ստացել 10 թիմեր: Գյումրիի «Շիրակը» ՀՖՖ-ի կողմից բռնաճնշումների և ամենաթողության հետևանքով հրաժարվեց մասնակցել Հայաստանի առաջնությանը: Մասնավորապես, Գյումրիի «Շիրակը» Բարձրագույն խումբ կվերադառնա միայն Ռուբեն Հայրապետյանի և նրա աշխատակազմի հեռանալուց հետո: Գյումրիի «Շիրակին» հաջորդեց նաև «Էրեբունին», որը դեռևս չկազմավորված՝ լուծարվեց:
Հիշեցնենք նաև, որ 2017-2018 թթ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցել էին 6 թիմեր: Ինչ խոսք, 8 թիմանոց առաջնությունը կարելի կլիներ որակել քայլ առաջ, բայց… Հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձությունները խոսում են այն մասին, որ ուրբաթը կարող է շաբաթից ավելի շուտ գալ: Խոսքը մասնավորապես վերաբերում է հունիսի 30-ին Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած ՀՖՖ-ի տարեկան՝ 16-րդ խայտառակ ժողովին: Մասնավորապես, բարձրագույն խմբի առաջնության մի քանի թիմերի կողմից տեղի ունեցավ բոյկոտ: Ակումբների համար անընդունելի էր Հայրապետյանի կողմից «Շիրակին» և այլ կազմակերպությունների ՀՖՖ անդամությունից զրկելը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ մեր ակումբները վերջապես ոտքի են կանգնել և այլևս չեն հանդուրժելու Հայրապետյանի կործանարար համակարգը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ 2018-2019 թթ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը վտանգված է և մոտ է տապալման: Ավելի ստույգ՝ վերը թվարկված թիմերից միայն 2-ն են այս պահին պատրաստակամ մասնակցելու Ռուբեն Հայրապետյանի մրցաշարին: 6 թիմերի կողմից Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության բոյկոտը կարող է վերջնական հարված հասցնել Հայրապետյանի համակարգին և ազատագրել հայկական ֆուտբոլը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայրապետյանի մրցաշարից հրաժարվող ակումբները կարող են այլընտրանքային առաջնություն հիմնել:
Եթե ժամանակին Հայրապետյանը կարողանում էր ճնշում գործադրել ակումբների վրա, ապա այդ լծակները նա այլևս չունի: Նոր Հայաստանում վախի մթնոլորտն այլևս գոյություն չունի: Հայրապետյանն այսօր կարող է միմիայն իրեն քննադատող ԶԼՄ-ների վրա գործ տալ ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին, ինչը ոչ միայն աբսուրդային, այլև ծիծաղելի քայլ էր:
Ի՞նչ իմաստ ունի խաղալ մի մրցաշարում, որի ընթացքը ղեկավարում է ՀՖՖ նախագահը: Խայտառակ մրցավարություն, խայտառակ դավադրություններ, որոնք դրսևորվում են էժանագին և ստոր մեխանիզմներով: Գրեթե յուրաքանչյուր տուրից հետո ակումբների կողմից բողոքներ են ներկայացվում մրցավարական սխալների վերաբերյալ: 16 տարիների ընթացքում Հայրապետյանն այդպես էլ չկարողացավ պատրաստել գեթ մեկ նորմալ մրցավարի: Հայրապետյանի մրցավարները մեկնում են Եվրոպա և ղումար խաղում իրենց իսկ սպասարկած հանդիպումների վրա: 16 տարիները համեմված են եղել սկանդալներով՝ Բաքվի «Նեֆթչի»-ի հետ խաղից ճողոպրելով, ազգային հավաքականի մակարդակով խաղեր ծախելու կասկածներով, ֆուտբոլիստների խեղված ճակատագրերով, գերխայտառակ և ամոթալի պարտություններով:
Հայրապետյանի առաջնությանը մասնակցելն ուղղակի ամոթալի է: Այս ամենը կարծես թե գիտակցում են մեր ակումբները, որոնք ի վերջո կարող են «մահացու» հարված հասցնել Հայրապետյանին: Պետք է գիտակցել պահի լրջությունն ու մտածել խայտառակ այդ առաջնությանը մասնակցելու հետևանքների մասին: Այսօր հազարավոր երկրպագուներ հորդորում են ակումբներին կատարելու ֆունդամենտալ քայլը հայկական ֆուտբոլը ազատագրելու համար:
16-րդ ժողովի ժամանակ Հայրապետյանի ֆարսը բոյկոտած ակումբներն արդեն իսկ զգալիորեն բարելավել են իրենց վարկանիշը հասարակության շրջանում: Վստահ ենք, որ կարևորագույն քայլը կատարելու պարագայում ակումբները կստանան հասարակության լայն աջակցությունը: Ֆուտբոլասերն այսօր լիահույս է, քանզի նշմարվում է Հայրապետյանի ռեժիմի վախճանը:
Կրկին հիշեցնենք, որ սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը սկսելու է պայքարը Ազգերի լիգայի խաղարկությունում: Սա բացառիկ հնարավորություն է մեզ համար Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու: Այսօր, սակայն, գոյություն ունի կարևոր մի նախապայման: Հայաստանի հավաքականը կկարողանա արժանի պայքար մղել Ազգերի լիգայում միայն ու միայն Հայրապետյանի՝ հայկական ֆուտբոլից հեռու լինելու պայմաններում: Ուստի հասարակության, իշխանությունների, ակումբների և հայկական ֆուտբոլով շահագրգիռ անձանց գերխնդիրը առաջիկա երկու ամիսների ընթացքում Ռուբեն Հայրապետյանին պաշտոնանկ անելն է:







































