Երեք տարի առաջ` 2015 թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած խաղաղ ցույցը դադարեցնելու նպատակով Ոստիկանության կողմից գործադրվեց ջրցան մեքենա:
Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում մի շարք լրագրողների և հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվեց բռնություն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, դիտավորությամբ ոչնչացնելով լրագրողների տեսաձայնագրող սարքերը, խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեության իրականացումը: Այդ օրը վնասվել է նաև «Առաջին լրատվականի» տեխնիկան:
Կիրառված անհամաչափ ուժի արդյունքում տասնյակ ցուցարարներ և լրագրողներ տեղափոխվեցին հիվանդանոցներ, հարյուրավորները՝ բերման ենթարկվեցին:
Ոստիկանության գործած վայրագությունների փաստով հարուցվել է քրեական գործ. տուժող է ճանաչվել 31 անձ, որոնցից 18-ը՝ ԶԼՄ ներկայացուցիչ: Վերջիններից ոմանք այդպես էլ հարցաքննության չհրավիրվեցին, միայն որոշ լրագրողներ ստացան փոխհատուցում:
Նախաքննության ընթացքում որևէ անձի մեղադրանք այդպես էլ չի առաջադրվել, իսկ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործի քննության ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հրապարակվել:
Այսօր Հայաստանում ստեղծվել է որակապես նոր իրավիճակ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ ապրում ենք հասարակության և իրավապահների հաշտության պատմական ժամանակաշրջանում: Թերևս այդպես է, ու հասարակությունն ու ոստիկանությունը հաշտ կլինեն մշտապես, եթե վերջինս սրբորեն հետևի օրենքի տառին` չնույնանալով բիրտ ուժի, ռեպրեսիաների հետ:
Սակայն ոստիկանությունը խնդիր ունի` առերեսվել իր ոչ վաղ անցյալի հանցագործությունների, ապօրինությունների հետ, որպեսզի հասարակության մոտ լիարժեքորեն վերականգնվի հավատն այս կառույցի հանդեպ: Մենք անկեղծորեն ուզում ենք հավատալ ոստիկանության նոր առաքելությանը, սակայն վերջինս պետք է իր մեջ ուժ գտնի` սեփական անցյալից ձերբազատվելու, վայրենություն գործած իր ծառայողներից մաքրվելու համար: Խաղաղ ցուցարարներին խոշտանգած ոստիկաններն այսօր չեն կարող արդյունավետ պայքար մղել հանցագործության դեմ: Ոստիկանությունն ինքնամաքրման անհրաժեշտություն ունի` երկիրը հանցագործներից մաքրելու համար:
Նույնը վերաբերում է ՀՔԾ-ին, որը այս և աղմկոտ այլ հանցագործությունների բացահայտման միջոցով հասարակությանը պետք է ապացուցի, որ վերափոխվել է ինստիտուցիոնալ, բովանդակային առումով:
Հայաստանի իրավապահ համակարգն առայժմ գործում է ավանսով` Նիկոլ Փաշինյանի, հեղափոխության ընձեռած ռեսուրսի հաշվին: Անցյալում գործված բոլոր աղմկոտ հանցագործությունները պետք է սեղմ ժամկետներում բացահայտվեն, բոլոր բանդաները հնարավորինս արագ պետք է վնասազերծվեն` անկախ այն հանգամանքից, թե պետական կամ օլիգարխիկ որ ցուցանակի տակ են դրանք գործել:
«Էլեկտրիկ Երևանի» դեմ գործադրված բռնությունը նաև թաքնված ենթատեքստ ուներ, որովհետև սա թերևս եզակի քաղաքացիական նախաձեռնությունն էր, որի թիրախում հայտնվել էր նաև ռուսական վասալության համակարգը` իր գաղութատիրական, թալանչիական բնույթով: Պատահական չէ, որ աննախադեպ բռնություններով ու խոշտանգումներով Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում էր հաճոյանալ Մոսկվային, որը հիստերիկ ձղաձգումների մեջ էր` Հայաստանում իբրև թե ծավալվող «գունավոր հեղափոխության» առթիվ: Երեք տարվա վաղեմության խոշտանգումները բացահայտելու հարցում Հայաստանի նոր կառավարությանը չպետք է կաշկանդեն ոչ միայն հայաստանյան սուբյեկտիվ իրողություններն, այլ նաև` Մոսկվայի հնարավոր ճնշումներն ու միջամտությունները:
Թավշյա հեղափոխությունը վերջակետ է դրել ոչ միայն Հայաստանի քրեաօլիգարխիային, այլ նաև` ռուսական վասալությանը: Համենայն դեպս` հանրային ընկալումներում:








































