Աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներից Իսպանիան մեծ դժվարությամբ հաղթեց Իրանին: Հաղթեց պատահականության արդյունքում խփած գնդակի շնորհիվ: Երկրորդ կեսում հարևան երկրի հավաքականը զարմացրեց շատերին: Իրանցիներին նույնիսկ հաջողվեց գրավել Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը, սակայն մրցավարի կարծիքով՝ տվյալ դրվագում առկա էր խաղից դուրս վիճակ: Հիշեցնենք, որ առաջին տուրում Իրանը 1:0 հաշվով առավելության էր հասել Մարոկկոյի նկատմամբ:
Շատ էր խոսվում, որ այս մրցավեճում Իրանի բախտն ուղղակի բերել է: Իսպանիայի հետ մրցավեճում, սակայն, համոզվեցինք, որ պորտուգալացի մասնագետ Կառլուշ Կեյրուշին հաջողվել է ձևավորել ամուր և մարտունակ կոլեկտիվ: Եթե իսպանացիները առաջին տուրում պորտուգալացիների դեմ տպավորիչ ֆուտբոլ խաղացին, ապա երեկ նրանց խաղը, կարծում ենք, քչերին գոհացրեց:
«Իրականում դժվար է մեկնաբանել խաղը: Ինչ կարող եմ ասել, վաստակեցինք 3 միավոր: Այս հաղթանակը բարելավեց մեր դիրքը մրցաշարային աղյուսակում: Գիտեինք, որ շատ դժվար է լինելու: Այո, խաղը բավական բարդ ընթացք ունեցավ, և իսկապես դժվար էր մեզ համար: Երկու խաղակեսերն էլ նյարդայնացնող էին: Մենք մշակված գործողությունների պլան ունեինք, ու խաղացողներն այն իրագործեցին: Թե որքանով ստացվեց մեր խաղը՝ թողնում եմ երկրպագուների դատին: Իրանն ուժեղ թիմ է, որին գոլ խփելը շատ դժվար է: Բայց իսպանացի խաղացողները կարողացան դա անել: Մենք ունենք մի հավաքական ու հենց այդպիսին էլ մնալու ենք մինչև մրցաշարի ավարտը: Գիտենք, որ դեռ անհրաժեշտ է բարելավվել, բայց հույս ունեմ, որ առաջիկա խաղերում իրար հետևից կհաղթենք: Ինչ վերաբերում է փլեյ-օֆի համար պայքարին, ապա պետք է ասեմ, որ երեք հավաքականներ հավակնում են խաղալ 1/8-րդ եզրափակչում: Իրանը իրական հնարավորություն ունի հաղթահարելու խմբային փուլի արգելքը: Բոլորը համոզվեցին, որ Կեյրուշի թիմը ունի մեծ պոտենցիալ»,- Իրանի հետ խաղից հետո ասել է Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Հիերոն:
Իրանի երեկվա հանդիպումը իրական ահազանգ էր Պորտուգալիայի ազգային հավաքականի համար: Վերջին տուրում՝ հունիսի 25-ին, պորտուգալացիները մրցելու են Իրանի հետ և պարտության դեպքում հրաժեշտ կտան աշխարհի առաջնությանը: Նշենք, որ Կեյրուշը երկու անգամ գլխավորել է Պորտուգալիայի ազգային թիմը: Մասնավորապես, 2010 թվականին Պորտուգալիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո 2011 թվականին Կեյրուշը գլխավորել է Իրանի հավաքականը:
Կասկածից վեր է, որ Կեյրուշը 5 մատի պես գիտի Պորտուգալիայի հավաքականին: Կեյրուշը 5 մատի պես գիտի նաև իր նախկին հավաքականի աստղին՝ Ռոնալդուին: Կեյրուշի պես փորձված գայլն ունի անհրաժեշտ գործիքակազմ Պորտուգալիային և իր աստղին կանգնեցնելու համար:
Պորտուգալացիները երեկ 1:0 հաշվով առավելության հասան Մարոկկոյի նկատմամբ: Պորտուգալիան կրկին դրական արդյունքի հասավ Կրիշտիանու Ռոնալդուի շնորհիվ: Այս առաջնությունում պորտուգալացիները խփել են 4 գնդակ, որոնք հեղինակել է հենց Ռոնալդուն: Ունենալով կադրային խնդիրներ՝ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խաղը կառուցում է Ռոնալդուի միջոցով: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին կասեցնելու պարագայում այս հավաքականը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել: Ուստի Կեյրուշի գլխավոր խնդիրը առաջիկա խաղում Ռոնալդուի չեզոքացումն է:
Այսօր Իրանը իրական սպառնալիք է թե՛ Պորտուգալիայի և թե՛ Ռոնալդուի համար: Իրանն ունի բոլոր հնարավորությունները ի չիք դարձնելու աշխարհի լավագույն ֆուտբոլիստի երազանքը, այն է՝ նվաճել նաև աշխարհի գավաթը:
Առաջիկա հանդիպումը հետաքրքիր կլինի նաև տակտիկական տեսանկյունից: Այս երկու հավաքականների մարզիչները տակտիկական առումով լավագույնների շարքում են ոչ միայն այս առաջնությունում, այլև աշխարհում։ 2016 թվականին տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Սանտուշը որևէ տակտիկական վրիպում թույլ չտվեց: Հստակ գնահատելով իր հավաքականի հնարավորությունը և հստակ գծագրելով մարտավարությունը՝ Սանտուշը ինչ-որ տեղ ոչ տպավորիչ, բայց արդյունավետ խաղով հասավ իր նպատակին:
Իսպանիայի և Մարոկկոյի հետ հանդիպումները գծագրված սխեմայի շարունակությունն են: Մարոկկոյի և Իսպանիայի հետ մրցավեճերում Կեյրուշի մարտավարությունները ևս կարելի է իդեալական որակել: Կեյրուշ-Սանտուշ դիմակայությունում այս պահին դժվար է մատնանշել ֆավորիտին: Բուքմեյքերները Իրան-Պորտուգալիա մրցավեճում ընդգծված ֆավորիտ են համարում Եվրոպայի գործող չեմպիոնին: Մասնավորապես, պորտուգալացիների հաղթանակը գնահատված է 1.7, ոչ-ոքին՝ 3.6, իսկ Իրանի հաղթանակը՝ 5.9 գործակցով:








































