Ուկրաինայի իշխանություններն ու հասարակությունը սպասում են, թե ինչ պատասխան կտա ընդդիմությունը համազգային երկխոսության վերաբերյալ նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջարկին: Ընդդիմությունը մտադիր է պատասխանն ասել այսօր, սակայն ընդհանուր առմամբ հակված չէ փոխզիջման: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կրակի վրա յուղ է լցրել ազատազրկման պատիժը կրող երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:«Թույլ մի´ տվեք Յանուկովիչին բռնությունը դարձնել մեր կյանքի նորման: Ես դիմում եմ յուրաքանչյուր ուկրաինացու՝ վե´ր կացեք: Ո՛չ մի բանակցություն, ո՛չ մի կլոր սեղան նրանց հետ: Միայն Յանուկովիչի և նրա շրջապատի անհապաղ հրաժարական»,- ասել է նախկին վարչապետը:
Նախագահը «հանուն փոխզիջման» ընդդիմությանը կոչ է արել «չհրաժարվել, չգնալ հակադրվելու և վերջնագրերի ճանապարհով»: Նա հայտարարել է անձամբ կլոր սեղանին մասնակցելու պատրաստակամության մասին:
Շատ փորձագետներ կարծում են, որ Յանուկովիչը փոքր-ինչ ուշացել է: Կիևի Անկախության հրապարակում ցույցարարները միջազգային աջակցություն են ստացել:
Այցով Կիևում գտնվող ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ոստիկանության գործողությունները դժվարացնում են քաղաքական երկխոսության մեկնարկը: «Առաջիկա ժամերին ես կփորձեմ ուսումնասիրել բոլոր հնարավոր ուղիները՝ երաշխավորելու, որ իրական խաղաղ լուծումը դեռևս հնարավոր է: Դա պահանջում է ավելի մեծ քաղաքական խիզախություն ու վճռականություն»,- ասել է Էշթոնը:










































