ԱԺ Ազգային անվտանգության, ներքին գործերի, պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, գնահատելով ՀՀ ռազմական ոստիկանություն կատարած այցը, նշեց, որ այսօր ՌՈ-ն ունի ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ խնդիրներ, որոնց լուծումների շուրջ աշխատանքներ տարվում են: Նրա համոզմամբ՝ հատկապես կարևոր է, թե ինչպես են ՌՈ աշխատակիցները վերաբերվում զինծառայողներին, ընդգծելով, որ կցանկանար՝ այդ վերաբերմունքը լիներ առանց վիրավորանքի, ուշադրության և կարգապահության սահմաններում:
Նա առանձնացրեց մի խնդիր, ըստ որի՝ ՌՈ-ում ռեսուրսների խնդիր կա, այդ հարցերը քննարկվելու են հանձնաժողովի առաջիկա նիստում. «Այսօր քննարկման արդյունքում պարզվեց, որ ՌՈ հաստիքակազմը հետագա բարելավման կարիք ունի, որպեսզի կարողանա կատարել իր առջև դրված խնդիրները»:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե բացի հաստիքակազմը համալրելուց, ի՞նչ քայլեր են արվում աշխատակիցների որակական հատկանիշները բարձրացնելու համար, Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ ՊՆ, ոստիկանության ոլորտի համակարգերը մշտապես կատարելագործման կարիք ունեն, իրենք ևս լինելու են հետևողական, պարզելու են, թե որքանով է վերապատրաստման համակարգը արդիական:
Վերջում պատգամավորը կոչ արեց զինվորներին՝ իրենց ծառայությունը բարեհաջող կատարել, լինել կարգապահ, և մաղթեց, ու այս վայրում պատիժը կրող զինծառայողներ քիչ լինեն:
Հիշեցնենք, որ այցը կազմակերպվել էր «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագրի համատեքստում՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի մասնակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Մանրամասները դիտեք տեսանյութում:







































