Ձմեռ պապը, Ձյունանուշն ու ամանորյա եղևնին պերսոնա նոն գրատա են դարձել տաջկական հեռուստատեսությունում: Մոտ ժամանակներս հեռուստադիտողները նրանց չեն տեսնի՝ հայտնում է Դուշանբեի Asia Plus ռադիոկայանը: Տեղեկությունը հաստատել է հեռուստառադիոհեռարձակման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սադիդալի Սիդիկովը: Նրա խոսքով՝ վերոնշյալ ամանորյա ատրիբուտները կապ չունեն հանրապետության ազգային ավանդույթների հետ:
Սիդիկովը հաստատում է, որ Ձմեռ պապին ու տոնածառը չցուցադրելու որոշումն ընդունվել է հենց հեռուստաալիքների կողմից, և որ այդ թեմայով կարգադրություն «վերևից» չի եղել:
Հատկանշական է, որ միևնույն է՝ Դուշանբեի կենտրոնում ամանորյա եղևնի կկանգնեցվի, իսկ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը հունվարի 1-ի կդիմի ամանորյա ուղերձով:
Վերջին տարիներին Տաջիկստանում քննարկվում է Ամանորը նշելու նպատակահարմարության գաղափարը: Մուսուլմանական հոգևորականության ներկայացուցիչները կարծում են, որ երկիրը պետք է ապրի կրոնական օրացույցով, որը չի համընկնում ավանդականին: Սակայն մզկիթն իր դիրքորոշումը չի պնդում:








































