Պուտինի հայաստանյան այցի վերաբերյալ քննարկումներում անուշադրության է մատնվել այցի ազդեցությունը ներքաղաքական իրավիճակի վրա:
Սրա հիմնական պատճառը, իհարկե, այն է, որ այս տեսանկյունից որևէ ազդեցություն չկա, այսինքն՝ Ռուսաստանը Հայաստանում ներքաղաքական իրավիճակ փոխելու հարցում ուներ մեկ շահագրգռվածություն՝ Հայաստանը շեղել եվրաինտեգրացման, Եվրամիության հետ ասոցացման հայտարարված կուրսից: Եվ քանի որ Սերժ Սարգսյանն ի վերջո հենց ինքն էլ շեղվեց այդ կուրսից, Ռուսաստանի համար Հայաստանի ներքաղաքական իրավիճակը դադարեց հրատապ հետաքրքրություն ներկայացնել:
Պատահական չէ, որ Հայաստանի հարցում ռուսաստանյան խոսափողներից մեկը հայտարարեց, որ Պուտինը հարկ եղած դեպքում կապվում է Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Այլ կերպ ասած՝ ակնարկվեց, որ երբ հարկ լինի՝ Պուտինը կկապվի, իսկ առայժմ՝ կապի վերջը:
Այսպիսով՝ Պուտինի այցի, այսպես ասած, ներքաղաքական արդյունքներն այն են, որ նա, ըստ էության, երկարաձգում է այն ներքաղաքական ստագնացիան, որում գտնվում է Հայաստանը արդեն երկար ժամանակ: Այսինքն՝ մի կողմից՝ Ռուսաստանը բավական ակտիվ կերպով զրկում է Հայաստանը արտաքին քաղաքականության հնարավորություններից, մյուս կողմից էլ՝ փակում է այդ իրողության հանդեպ քաղաքական դաշտի հակազդեցության ճանապարհները:
Պատահական չէ, որ Պուտինի այցից հետո էլ Հայաստանի ներքաղաքական, այսպես ասած, «մոնստրները» հիմնականում զբաղված են ընդամենը քաղաքական դաշտում սեփական դիրքերը պահպանելու և որևէ այլ ուժի մոտ չթողնելու քաղաքականությամբ՝ բացարձակապես հեռու մնալով Հայաստանի ներքին ու արտաքին շաղկապված բուն խնդիրներից, հրաժարվելով որևէ հստակ դիրքորոշում հայտնել՝ միտված հասարակական կարծիքի ձևավորմանը, չլղոզված դիրքորոշում հայտնել որևէ առանցքային հարցի վերաբերյալ:
Երբ հետևում ենք, թե որ հարցերում են ակտիվ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության առաջատար ուժերը, ապա պարզ է դառնում, որ նրանց նպատակը Հայաստանի համար հրատապ խնդիրներից ամեն գնով խույս տալն է: Այսինքն՝ Հայաստանի քաղաքական նյարդը վերջնականապես կաթվածահար է, և սա է Պուտինի այցելության ներքաղաքական արդյունքը: Թեև, քանի որ Հայաստանի քաղաքական «նյարդաբանը» Պուտինն է, ապա ըստ էության ոչ մի տարբերություն չկա՝ «նյարդերը» նա անջատե՞լ է, թե՞ միացրել:
Այստեղ էականն այն է, որ այցելության ընթացքում, դատելով նաև անցնող մի քանի օրերի անցուդարձից, նա կարծես թե որևէ որոշակի մեսիջ չի թողել 2017-18 թվականների համար: Այստեղ խնդիրը կա՛մ հեռավորությունն է, և Պուտինը դեռ պետք է մտածի, դեռ պետք է հետևի, թե ով ինչպես կպահի իրեն, կա՛մ էլ նա այնքան էլ միանշանակորեն չի բացառում որևէ արտահերթ զարգացման հավանականությունը, այդ իսկ պատճառով վաղ է համարում Հայաստանում անդրադառնալ հաջորդ ընտրական ցիկլի խնդիրներին: Թեև այստեղ, իհարկե, կա մի ոչ պակաս էական գործոն, որն անհնար է հաշվի չառնել:
Հայաստանի հասարակությունը գտնվում է խմորումների փուլում, և դժվար է ասել, թե հասարակական ակտիվ շրջանակները ինչ արդյունքներով, ինչ եզրահանգումներով կմոտենան ընտրական նոր ցիկլին: Իսկ քանի դեռ այս գործընթացի վերաբերյալ քիչ թե շատ հիմնավոր պատկերացումներ չկան, Պուտինը ֆալստարտի ռիսկի չի դիմի: Այսինքն՝ այս իմաստով, ի վերջո, որոշիչը լինելու է Հայաստանի հասարակության «մարզավիճակը»: Պուտինն ընդամենը կա՛մ օգտվելու է դրանից, կա՛մ էլ հաշտվելու է դրա հետ:
Այսինքն՝ եթե Պուտինը նյարդաբանն է, ապա Հայաստանի հասարակությունը՝ վիրաբույժը:











































