Ռեստորանի սեփականատերն իր հաճախորդներին մեծ զեղչ է առաջարկել, եթե վերջիններս ճաշի ընթացքում անջատեն իրենց բջջային հեռախոսները: Այս մասին գրում է Oddiy Central-ը:
Երուսաղեմից 10 կմ հեռավորության վրա գտնվող ռեստորանի սեփականատերը հոգնել է տեսնել, թե ինչպես են հաճախորդներն ավելի շատ զբաղված իրենց սարքերով, քան ընկերների հետ շփմամբ: Ուստի Ջուլիան Իբրահիմը նրանց գործնական առաջարկ է արել` անջատիր հեռախոսդ և ստացիր 50 տոկոս զեղչ:

Սեփականատերը հուսով է, որ իր առաջարկը կվերադարձնի այն լավ ժամանակները, երբ հաճախորդները ռեստորան էին այցելում հրաշալի ժամանակ անցկացնելու և ընկերների հետ շփվելու համար:

«Տեխնոլոգիաները մեր կյանքում դրական փոփոխություններ են բերել, սակայն գործնականում ոչնչացրել են ուտելու ծիսակարգը: Ես ավելի ու ավելի հաճախ եմ տեսնում մարդկանց, ովքեր ռեստորան են գալիս իրենց ընտանիքի կամ ընկերների հետ, սակայն նրանց սեղանի շուրջ լռություն է տիրում` բոլորի աչքերը հառած են հեռախոսների, սմարթֆոնների կամ պլանշետների էկրաններին: Նրանք դրանցով չեն զբաղվում միայն այն ժամանակ, երբ ուտելիքն արդեն սառած է և այն տաքացնելու անհրաժեշտություն է առաջանում»,-ասել է Իբրահիմը:











































