Սիրիայում հիվանդանոցների ավելի քան 60 տոկոսը փակվել կամ ավերվել է կառավարության և ապստամբների միջև հակամարտության պատճառով, որը շարունակվում է 2011-ի մարտից ի վեր: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի համատեղ հայտարարության մեջ:
«Այդ դաժան հակամարտությունը շարունակում է լուրջ վնասներ հասցնել բժշկական հաստատություններին ամբողջ երկրում: Հիվանդանոցների ավելի քան 60 տոկոսը ավերված է կամ չի գործում»,- ասել են նրանք: Նրանց խոսքերով` Սիրիայում հիվանդանոցները գործում են ծայրահեղ պայմաններում:
«Շատ կարևոր է ապահովել բժշկական հաստատությունների անվտանգությունը, որպեսզի բժիշկներին թույլ տրվի առանց որևիցե վտանգի ցուցաբերել բժշկական, վիրաբուժական և մանկաբարձական օգնություն»,- նշվում է փաստաթղթում:
ՄԱԿ-ում կտրականապես դատապարտել են Սիրիայի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները:
«Հիվանդանոցների վրա գրոհները կարող են համարվել ռազմական հանցագործություն»,- ասել են հայտարարության հեղինակները` երկու կողմերին կոչ անելով չխախտել մարդասիրական իրավունքը:











































