Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այցելել Գերմանիա՝ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Hurriyet-ը:
«Տիկին Մերկելն ասել է, որ սպասում է մեր նախագահին ընտրություններից հետո»,- ասել է Չավուշօղլուն գերմանական Զոլինգեն քաղաքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Չավուշօղլուն և Մերկելը ժամանել են Գերմանիայի Հյուսիսային Հռենոս Վեսթֆալիա երկրամասի Զոլինգեն քաղաք՝ ողբերգական միջադեպի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար. 25 տարի առաջ այս օրը գերմանացի նեոնացիստները հրդեհել են տունը, որում բնակվել է ծագումով թուրք ընտանիք:
Միջադեպի հետևանքով մահացել է երեք աղջիկ ու երկու կին, իսկ ընտանիքի մյուս 14 անդամները, այդ թվում՝ մի քանի երեխա, վնասվածքներ են ստացել:










































