Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական Hurriyet-ին հայտնել է, որ վարչապետ Էրդողանի հետ խորհրդակցությունից հետո որոշել է մեկնել Երևան և դեկտեմբերի 12-ին մասնակցել Հայաստանում անցկացվելիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարների հավաքին: Այսպիսով, սա կլինի երկրորդ անգամը՝ 2009 թվականին նույն առիթով, ի դեպ, Ալի Բաբաջանի երևանյան այցից հետո, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան:
Իհարկե, Բաբաջանի և Դավութօղլուի այցելությունները տեղի են ունենում տարբեր աշխարհաքաղաքական իրավիճակներում, սակայն Թուրքիայի այս որոշումը անկասկած կազմում է ընդհանուր շղթայի մի մաս, որով Թուրքիան փորձում է կապել համաշխարհային հանրության ձեռքերը կամ լեզուն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: 2015 թվականը Թուրքիայի համար իսկապես խնդիր է, որովհետև համամարդկային ողբերգության մեկդարյա տարելիցը անկասկած զգալի թեժացում է հաղորդելու այս կապակցությամբ միջազգային հանրության տրամադրություններին, և Անկարայի համար սովորականից կամ ավանդականից ավելի մեծ ջանքեր կպահանջվեն որևէ տեղ ճեղքում թույլ չտալու համար: Եվ դեպի այս նպատակ Անկարան սկսել է քայլել արդեն այսօրվանից:
Թուրքիան ակնհայտորեն սկսել է գործողություններ, որոնք նպատակ ունեն դրսևորել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի պատրաստակամությունը, լավ հարևանության պատրաստակամությունը: Այս խաղին հավատալն, իհարկե, միամտություն կլինի: Մյուս կողմից` Դավութօղլուի այցի մասին հաղորդագրության մեջ շեշտվում է Էրդողանի հետ խորհրդակցության հանգամանքը: Իսկ այստեղ հատկանշական է այն, որ Էրդողանը օրեր առաջ Ռուսաստանում էր և հանդիպում էր Պուտինին, որտեղ առանցքային թեմաներից մեկն, իհարկե, հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան խնդիրն են եղել: Մի քանի օր առաջ էլ Պուտինն էր այցելել Հայաստան կամ ավելի շուտ Գյումրիի 102-րդ ռազմակայան:
Ահա այս իրադարձություններից հետո Դավութօղլուի այցի մասին հայտարարությունն ուշագրավ է, և այստեղ անկասկած միայն միջազգային հանրությանը հանդուրժող և լավ հարևան ներկայանալու նպատակը չէ, որ Անկարային մղել է Դավութօղլուի երևանյան գործուղման որոշում կայացնելուն: Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 12-ին Երևանում կամփոփվեն կամ կընդհանրացվեն Էրդողանի ռուսաստանյան և Պուտինի հայաստանյան այցերը` նկատի ունենալով և այն, որ այստեղ է լինելու նաև ՌԴ արտգործնախարար Լավրովը:
Հետաքրքիր է, թե այս ամենում ինչ կարգավիճակում է լինելու Հայաստանը՝ ժամադրավայր լինելուց բացի:






































