Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստը: Հերթական նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովը՝ պարզաբանելով, թե ինչ թեմաներ են քննարկվել իշխող կուսակցության ԳՄ նիստի ընթացքում:
Շարմազանովը պատասխանեց նաև լրագրողների հարցին: Հարցին, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ կատարած պետական այցի ընթացքում չհնչեց հայերեն ոչ մի բառ, նա պատասխանեց, որ առաջին անգամ չեն ՌԴ պաշտոնյաներն այցելում Հայաստան, և ասուլիսները միշտ անցկացվում են ռուսերենով: Նրա հավաստիացմամբ՝ ՀՀ բոլոր երեք նախագահների օրոք ռուսերենով են անցկացվել բոլոր միջոցառումները, ուստի ըստ նրա՝ սա չպետք է որակել որպես նոր երևույթ: «Հայոց լեզվին որևէ վտանգ չի սպառնում Հայաստանում»,- նկատեց նա:
ՀՀԿ խոսնակը նաև տեղեկացրեց, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում չի քննարկվել պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի նախագծի դեմ բողոքների հարցը: Նա նշեց, որ 2010 թ. դեկտեմբերին ԱԺ-ում այդ օրենքի նախագիծը քննարկվել է, որտեղ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն կողմ են քննարկել, իսկ«Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն չեն մասնակցել այդ քվեարկությանը:
«Չեմ բացառում, որ դեմ և կողմ մարդիկ կան, սա է ժողովրդավարության կանոնը: Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր բողոքավոր քաղաքացիներին, այո խնդիրը ոչ միանշանակ կարող է ընդունվել, որովհետև մեծ ռեֆորմ է իրականացվում, իսկ ցանկացած բարեփոխում հարթ չի անցնում: Ոչ մի ժողովրդավար երկրում այդ բարեփոխումները հարթ չեն անցնում: Օրենսդրական աշխատանքն այնպիսի աշխատանք է, որ մշտապես փոփոխելու կարիք կա»,- ասաց նա:
Անդրադառնալով Վիլնյուսյան գագաթնաժողովին ու Հայաստան Վլադիմիր Պուտինի այցին՝ նա նշեց, որ ՀՀ-ն շարունակելու է ժողովրդավարության զարգացումը, երկրորդը ՝այս այցից հետո աննախադեպ էին արդյունքները, որովհետև տասներկու միջպետական համաձայնագիր կնքվեց, թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության, թե՛ կրթամշակութային առումով այցը դրական են գնահատում: «Եվս մեկ անգամ եկանք այն եզրակացության, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն ըմբռնում ունի և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում»,- պարզաբանեց նա:
Հարցին, թե ինչու էր ՌԴ նախագահի հայաստանյան այցն ուղեկցվում ցուցադրական գործողություններով՝ պաստառներ և խոտեր փակցնելով, նա ասաց, որ ինքն այցերի ձևական կողմը չի մեկնաբանում, այլ միայն բովանդակայինը:










































