Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Էդգար Սրապյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:
Դատարանում Այնթափ գյուղի 26-ամյա բնակիչ Էդգար Սրապյանն իրեն մեղավոր է ճանաչել և հայտնել, որ 2013 թվականի մայիսի 9-ին, ժամը 23-ի սահմաններում ընկերուհու՝ Հ.-ի հետ գնացել է իր ծանոթ Հովհաննեսի վարձակալած բնակարան:
Այնտեղ հաց են կերել, օղի խմել ու պառկել քնելու: Գիշերվա ժամը 5-ի սահմաններում արթնացել են: Հովհաննեսն առաջարկել է մի-մի թաս էլ օղի խմել:
Խմել են:
Էդգարն իրեն վատ է զգացել, պառկել ու համարյա թե կորցրել է գիտակցությունը: «Համարյա թե»՝ որովհետև ինչ-որ չափով լսել է ընկերուհու և Հովհաննեսի խոսակցությունը: Ընկերուհին սկսել է օգնություն ցույց տալ վատացած Էդգարին, իսկ Հովհաննեսը նրան առաջարկել է օգտվել «առիթից» ու սեռական հարաբերություն ունենալ իրար հետ:
Կինը մերժել է: Հովհաննեսը հարվածել է նրա դեմքին: Հետո էլի է հարվածել: Ծեծել է, մի խոսքով: Կնոջ դեմքն ու շորերն արյունոտվել են, բայց սեռական հարաբերությունը չի կայացել:
Երբ Էդգարը կարողացել է ոտքի կանգնել ու տեսել է ընկերուհուն արյունոտված վիճակում, սեղանից վերցրել է կիսով չափ լիքը օղու շիշը, չի ափսոսել ու հարվածել է Հովհաննեսի գլխին, ինչից շիշն է կոտրվել:
Էդգարը կոտրված շշի սուր մասով երկու անգամ հարվածել է Հովհաննեսի կրծքավանդակին: Հովհաննեսը դիմել է փախուստի:
Տուժող Հովհաննեսն իրադարձությունները փոքր-ինչ այլ կերպ է ներկայացրել: Նա հայտնել է, թե երբ Էդգարը օղին խմելուց հետո վատացել է, Հ.-ն սկսել է նրան օգնել, ինքն էլ է ցանկացել օգնել, բայց Հ.-ն կտրականապես թույլ չի տվել մոտենալ: Ինքն էլ զայրացել է այդ անվստահությունից ու մեկ անգամ հարվածել է նրա դեմքին: Կինը հայհոյել է իրեն: Ինքը մի քանի հարված էլ է հասցրել նրան: Էդգարն ուշքի է եկել, տեսել ընկերուհուն արյունոտ վիճակում ու առանց պարզաբանելու՝ սեղանից վերցրել է օղու շիշն ու հարվածել իր գլխին: Հետո էլ կոտրված շշի սուր մասով երկու անգամ խփել է իր կրծքավանդակին: Ինքը սենյակից մի կերպ դուրս է փախել:
Էդգար Սրապյանի հարվածներից վնասվել էր Հովհաննեսի ձախ թոքը և առողջությանը պատճառվել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Սրապյանի ընկերուհու դեմքին ու մարմնին ևս դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ առկա են եղել վնասվածքներ, ինչը հաստատել է, որ տուժող Հովհաննեսը ծեծել է նրան:
Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ Սրապյանի հանցավոր արարքը պայմանավորված է եղել տուժողի հակաբարոյական վարքագծով:
Տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ ու դատարանում միջնորդել է նրա նկատմամբ մեղմ պատիժ նշանակել և քաղհայցի պահանջ էլ չի ներկայացրել:
Էդգար Սրապյանը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Համաներման կիրառմամբ Սրապյանն ազատվել է պատժի կրումից: Նրա խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և Էդգար Սրապյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճում:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրողը՝ պահանջելով բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Էդգար Սրապյանին դատապարտել 4 տարի ազատազրկման, համաներում չկիրառել և վերստին նրան կալանքի տակ առնել:
Վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքը մերժեց՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:










































