«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ակնարկեց, թե իր երկիրը կարող է ավելացնել գազի ծավալները հայաստանյան շուկայում, եթե նման ցանկություն հայտնեն Հայաստանի իշխանությունները։
Այժմ Հայաստանը Իրանից գազ է ստանում՝ փոխարենը այդ երկրին հատկացնելով Երևան ՋԷԿ-ի արտադրած էլեկտրական էներգիան։ Իրանից ստացվող գազը լայն սպառման շուկայի համար չէ։
«Իրանը կարող է ապահովել Հայաստանի գազի սպառման ծավալները, դա պայմանավորված պիտի լինի երկու երկրների միջև համաձայնության ձեռքբերմամբ, դրա համար անհրաժեշտ է, որ ենթակառուցվածքներ ստեղծվեն։ Դա կախված է Հայաստանի իշխանություններից», – ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ կես տարի առաջ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը արձագանքելով այն դիտարկումներին, թե ինչու Հայաստանը ռուսական գազը չի փոխարինում իրանականով` նշել էր, թե իրանական գազն ավելի թանկ է։
Այս կապակցությամբ դեսպանը նշեց, թե իրանական գազը արտահանվում է միջազգային գներով` չճշտելով, սակայն, այդ գները։
Դեսպան Ռեյիսին հայտարարել է նաև, թե Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում ակտիվորեն համագործակցող Իրանը մտահոգված չէ այն հանգամանքով, որ Հայաստանը Ռուսաստանին է հանձնում «Հայռուսգազարդ»-ում կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը։
Դեսպանի խոսքով` իրենք ողջունում են Իրանի երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնումը, և մտահոգված չեն Ռուսաստանին իր էներգետիկ ոլորտը հանձնած Հայաստանի գործողություններից։
«Իրանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում։ Եվ դա չի հակասում Հայաստան-Ռուսաստան համագործակցությանը», – ասել է Իրանի դեսպանը։ – «Մենք մտահոգված չենք, մենք էլեկտրական էներգիայի կարիք չունենք, մենք էներգիա արտահանող ենք, ու միաժամանակ դրա հանձնումը Ռուսաստանին որևէ կերպով չի ազդի մեր հարաբերությունների վրա Հայաստանի հետ»։
Նա անդրադարձել է նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագրին՝ ասելով, թե ծրագրի շրջանակում ձեռք բերված համաձայնությունների իրագործման հետաձգումները պայմանավորված են ֆինանսական ու բանկային խնդիրներով։
Ինչ վերաբերում է Իրան – Հայաստան երկաթուղու կառուցմանը, ապա, դեսպանի փոխանցմամբ` Իրանը պատրաստ է աջակցել այդ ծրագրին։
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում










































