Ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի դաշտային հրամանատարներից մեկը հայտարարել է, որ այս կազմակերպության ղեկավարությունը հանդիպումներ է անցկացնում արևմտյան և արաբական երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ֆինանսական օգնություն է ստանում Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից: Այս մասին հաղորդում է «Ալ-Մայադին» լիբանանյան հեռուստաալիքը:
Ինչպես սիրիական ընդդիմադիր կայքերից մեկում հրապարակված տեսանյութում հայտարարել է Սադամ Ալ-Ջամալը, հրամանատարական կազմը պարբերաբար հանդիպում է Սաուդյան Արաբիայի, Կատարի, Հորդանանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ: Նա նաև նշել է, որ Սիրիայում գործում են այդ հետախուզական ծառայությունների լրտեսներ, որոնք Սիրիական ազատ բանակին ապահովում են տեղեկատվությամբ:
Դաշտային հրամանատարի խոսքերով՝ նման հանդիպումներից մեկին ներկա է գտնվել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի տեղակալ Սալման բեն Սուլթանը և հետախուզության ղեկավար Բանդար բեն Սուլթանը: Վերջինս Սիրիական ազատ բանակի հրամանատարներին խնդրել է ներկայացնել սիրիական բանակին պատկանող օբյեկտների վրա հարձակման հաշվետվությունները և պարտավորվել է դրամական միջոցներ և զենք տրամադրել գործողությունների իրականացման համար:










































