Aravot.am-ը ներկայացրել է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր –Գաբրիելյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.
Իմ երիտասարդ ընկերներին
Արժեքներ ունենալը դժվար բան է: Արժեքները մնում են հին, բայց և նորանում են, և նրանց նոր ձևակերպման մեջ հինը տեսնել ուղղակիորեն դժվար է: Մարդու Իրավունքների համակարգի արժեքները, որ Եվրոպան և Արևմուտքն են ձևակերպել ու դարձրել ամբողջ աշխարհի հիմնարար արժեքներ, իհարկե գալիս են աստվածաշնչից: Եվ դժվար չէ տեսնել այդ կապը: Սակայն այն հասարակությունը, ում արժեքները խարխլվել են՝ իր ինքնադավաճան և ուրիշների դավաճան երկարատև գործունեության ընթացքում՝ չգիտի՝ ի՞նչ է նշանակում արժեքներ ունենալ: Նրա կաշառակեր, բարոյազուրկ մեծամասնությունն արժեքին վերաբերում է այնպես՝ ինչպես Դերենիկ Դեմիրճյանն է ասել իր «Հայը» գործում՝ դեռ 1920 թվին. եկեղեցի է կառուցում, բայց կյանքում ոչ մի անգամ չի աղոթի: Իսկ ակտիվ, հիասթափ, փնտրող, նորը ցանկացող փոքրամասնությունը, ավաղ, հաճախ էմոցիան խառնում է գործի հետ, գիտելիքի պակաս ունի, և չի պատկերացնում, ինչ է իրականում նշանակում արժեքին հավատարիմ լինել, ինչ բարդ, համակարգային գործողություն է դա՝ լինել արժեքին հավատարիմ և միաժամանակ զոհ չգնալ կյանքի օրենքին, որտեղ հաճախ կատաղի մրցակցությունն է թագավոր:
Որ հասկանանք՝ ի՞նչ է նշանակում արժեքին հավատարիմ լինել՝ կարելի է նայել կաթոլիկ եկեղեցու պատմությանը. նրա վերուվարումներին, այն երեսպաշտությանը, որ այն ներարկել է իր հոտին դարերի ընթացքում միաժամանակ ցուցաբերելով հերոսություն՝ իր միսիոներների, ասենք, տեսքով, որոնք աշխարհի բոլոր անկյուններում աշխատելով դարեր շարունակ ընդլայնել են իր հոտը: Հիշու՞մ եք անեկդոտը կաթոլիկ քահանայի մասին, որին աղջիկն ասում է՝ երեք անգամ մեղք եմ գործել, իսկ քահանան պատասխանում է՝ ես կոտորակներից թույլ եմ, գնա մեկ անգամ էլ գործիր, հետո երկու անգամ աղոթիր և քեզ ազատ համարիր: Կյանքը մի բան է, արժեքը՝ մեկ այլ, ասում է այդ մոտեցումը, և նրանք պիտի ձև գտնեն համակեցության: Եվ հումորն ու տոլերանտությունը՝ հանդուրժողականությունը, նույնպես դրա մասն են՝ քրիստոնեական, եվրոպական ու արևմտյան արժեհամակարգի: Ինքնաքննադատությունը նույնպես՝ շատ կարևոր: Որ հասկանանք, ինչ է նշանակում արժեքին հավատարիմ լինել դիվանագիտության ասպարեզում՝ պիտի հասկանանք, որ գիտությունը, շահն ու արժեքը միասին են քննարկվում դիվանագետի ուղեղում: Նա կարող է չասել ճշմարտությունը, կարծես թե դավաճանելով արժեքին, բայց հանուն այդ արժեքին հասնելու ապագայի: Քաղաքականությունը կեղտոտ բան է: Միշտ և ամենուր մնում է այդպիսին: Բայց ինչպես Բորիս Ստրուգացկին է ասում՝ պրոգրես, համենայն դեպս, կա, թեև՝ դանդաղ, որովհետև քառասուն հազար տարի առաջ կողքինիդ սպանելը բնական արարք էր համարվում՝ եթե պետք է: Նույնիսկ սպանելուց հետո կարելի էր ուտել: Հետո ուտելն արգելվեց: Հետո՝ սպանելը: Ավելացնենք՝ հիմա զարգացման թափն ու ընթացքն ահագնացել են, ահագնանում են: Ծաղիկ հիվանդությունն աշխարհից վերացել է. նոր սերունդ եմ ես համարում այն սերնդին՝ որ չունի ծաղկի դաջվածք իր թևին: Կյանքի տևողությունն աշխարհով մեկ ավելացել է: Գրագետ մարդկանց քանակը պակասել: Երեխաների մահացության մակարդակն ընկել է:
Եվ այդ ամենն արել է Եվրոպան և Արևմուտքը՝ իսկ մնացած աշխարհը շատ ավելի քիչ: Սկզբում նրանք դա արել են իմպերիալիզմի միջոցով՝ գրավելով մշակույթներ և ստիպելով, դաժանորեն, զարգանալ: Նաև՝ թալանելով նրանց, որքան կարող էին, որ իրենք զարգանան, որ հետո նրանց զարգացնեն:
Հետո՝ քսաներորդ դարի երկրորդ կեսից՝ իրենց լավը կուտակած հասկացել են, փոխվել, խելքի եկել մեծ արհավիրքներից հետո՝ ու սկսել են անել այլ միջոցներով: Ոչ միշտ և ոչ բոլորը, բայց ընդհանուր առմամբ՝ շարժելով աշխարհը դեպի լավը:
Միայն նրանք: Ոչ երկփեղկված Չինաստանը, ոչ էլ հաճախ դեպի հետամնացություն առաջնորդող այլ մշակույթները, կամ զարգացման անհնարինությամբ տառապող այլ մշակույթները: Ոչ էլ նորօրյա իմպերիալիզմի ջատագովները՝ պուտինյան Ռուսաստանի օրինակով:
Կասեք՝ ինչ տարբերություն երեսպաշտ հայի՝ որ եկեղեցի է կառուցում ու չի աղոթում՝ և երեսպաշտ եվրոպացի պաշտոնյայի միջև՝ որ արժեքների անունից է խոսում, բայց ընդունում է Հայաստանում կատարված անիրավությունն ու անիրավին լեգիտիմություն հաղորդում: Կասեմ՝ վերջինս, իհարկե, կարող է նույն պատճառով գործել ինչ առաջինը՝ իր մանր շահից ելնելով, կարող է կոռումպացված լինել, մարդ ես, ամեն մարդ էլ կարող է ջիջիլի ենթարկվել: Բայց ավելի հաճախ՝ դրա պատճառը գիտությունն է ու մեծ շահը: Գիտությունն ասում է՝ այլերի համեմատ այս ղեկավարն այնքան էլ անլեգիտիմ չէ: Ամեն ինչ համեմատության մեջ է դիտարկվում, և դա էմպիրիկ գիտության ուժն է: Գիտությունը նաև ասում է՝ դիվանագիտությունն այն չէ, որ միշտ քյասարով ասես մտքինդ (դա, կրկին Դեմիրճյանի կլասիկ դիտարկմամբ՝ հայկական դիվանագիտությունն է՝ ընդմիջվող՝ մանր, ոչ ոքի չխաբող, խաբկանքների փորձերով, որոնք նույնքան ծիծաղելի դիվանագիտություն են՝ որքան և քյասարով ուզածդ ասելը). կարելի է հասկացնել այլ միջոցներով:
Ամբողջական հոդվածը՝aravot.am-ում









































