Ուկրաինացի հանրահայտ երաժիշտ, «Օկեան Էլզի» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը բաց նամակ է գրել Ուկրաինայի արևելքի և հարավի բնակիչներին, հայտնում է viva.ua-ն:
Նա Twitter-ի իր էջում նամակ-ուղերձ է հրապարակել՝ խնդրելով աջակցել Մայդանում ոստիկանության հարձակումից տուժածներին.
«Ներեցեք էմոցաների համար: Այս նամակը գրում եմ՝ զսպելով արցունքներս: Ես հիմա դիմում եմ առաջին հերթին Ուկրաինայի արևելքի և հարավի բնակիչներին: Դուք ինձ համար շատ մտերիմ ու հարազատ մարդիկ եք: Ես ձեզ սիրում եմ այնպես, ինչպես իմ հարազատ Լվովի բնակիչներին: Ես երախտագիտությամբ եմ հիշում համերգները Դոնեցկում, Խարկովում, Դնեպրում, Օդեսայում և այլ քաղաքներում, դրանց ժամանակ ձեր խելագար աջակցությունը: Ես միշտ հիշում եմ դրա մասին: Եվ հավատացեք՝ ես կուզենայի ձեզ միշտ դիմել սիրո մասին երգերով և երբեք չխոսել քաղաքական լոզունգներով: Ինչպես և շատերն այս երկրում, ես հոգնել եմ քաղաքականությունից: Դրա հետ մեկտեղ՝ միշտ հարգանքով եմ ընդունում ձեր քաղաքական հայացքները, նույնիսկ եթե դրանք չեն համընկնում իմին: Բայց այն, ինչ այս գիշեր կատարվեց Կիևի Մայդանում, քաղաքականություն չէ: Սա միջնադար է: Սա սարսափ է: Բոլորի համար՝ և՛ արևմուտքում, և՛ արևելքում: Առանց բացառության: Մոռացեք հակամարտության մասին: Նրանց թույլ մի տվեք մեզ կռվեցնել: Այս մասին լռել չի կարելի: Մեծատառով Մարդ եղեք: Մի լռեք, Աստծո սիրուն, մի լռեք»:









































