«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան չի աշխատի, քանի դեռ Նիկոլայ Ազարովի կառավարությունը հրաժարական չի ներկայացրել:
«Զախարչենկոն (Ուկրաինայի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկո) պետք է կրի ոչ թե քաղաքական, այլ քրեական պատասխանատվություն Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ հանցագործությունների համար»,- ասել է Յացենյուկը:
Նա նաև հայտարարել է, որ ընդդիմությունը և գործող իշխանության հակառակորդները կիրակի օրը Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտից կուղղվեն Անկախության հրապարակ՝ ազգային վեչե անցկացնելու:
Յացենյուկի խոսքով՝ ազգային վեչեն Անկախության հրապարակում կմնա մինչև ընդդիմության և իշխանության դեմ բողոքող քաղաքացիների պահանջների կատարումը՝ վարչապետ Նիկոլայ Ազարովի և ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյի հրաժարականը:
«Այս հանցագործության հիմնական մեղավորին՝ Վիկտոր Յանուկովիչին, պետք է իմփիչմենթ հայտարարել: Մեր պահանջն է՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ»,- նշել է Յացենյուկը: Այս մասին հայտնում է Interfax-ը:







































