«Կարծում եմ, որ թավշյա հեղափոխության առաջին փուլը պսակվել է հաջողությամբ, և փաստացի տոտալ մասնակցություն տեղի ունեցավ այդ համաժողովրդական շարժմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Նրա խոսքով՝ իրական համաժողովրդական շարժում ձևավորվեց՝ շատ հախուռն և անսպասելի նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր վերջում մասնակցեցին այդ շարժմանը:
«Իշխանությունները հենարան չունեն հասարակության մեջ, և Նիկոլ Փաշինյանը ոչ թե ընդդիմության, ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի առաջնորդ է այս պահին, այլ համաժողովրդական, ժողովրդավարական շարժման ներկայացուցիչն է»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Կարեն Կարապետյանի մանիպուլյացիաները ոչ տեղին են, իրավիճակին ոչ համարժեք:
Նրա խոսքով՝ կան սահմանադրական հստակ մեխանիզմներ, որոնց միջոցով Փաշինյանը կարող է լինել ժամանակավոր վարչապետ:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի՝ շարժմանը միանալուն, Էդգար Վարդանյանն ասաց. «Հիմա բոլորը հասկանում են, որ նավը խորտակված է, և որևէ մեկը չի ուզում այդ խորտակված նավի վրա մնալ»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:










































