Եգիպտոսի սահմանադրական հանձնաժողովը երկրի հիմնական օրենքի նախագծի վրա աշխատանքը կավարտի հինգշաբթի՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հանձնաժողովը, որը ուղղումներ է մտցնում երկրի սահմանադրության մեջ, հայտարարել է, որ նոր սահմանադրության հանրաքվեն կարող է տեղի ունենալ մինչև 2013թ. դեկտեմբերի վերջը:
Նախորդ սահմանադրությունը, որն ընդունվել էր 2012թ. դեկտեմբերին և վեճերի առիթ էր դարձել եգիպտական հասարակությունում, չեղյալ էր հայտարարվել զինվորականների կողմից, որոնք 2013թ. հուլիսին տապալեցին նախագահ Մուհամմադ Մուրսիին:
Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է, որ նոր սահմանադրության հարցով քվեարկությունը տեղի կունենա մեկ փուլով և կտևի երկու օր: Սահմանադրության ընդունումից հետո ակնկալվում են խորհրդարանական, ապա նախագահական ընտրություններ:











































