Հայաստանը պատրաստ է անդամակցել Եվրասիական միությանը, նա արդեն արել է առաջին քայլերը, հերթի մեջ են Ղրղըզստանը, Տաջիկստանը, Հնդկաստանը և այլ երկրներ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը Կազանում «Եվրասիական տնտեսական ինտեգրում. ձեռքբերումները և խնդիրները» հասարակական միջազգային ֆորումի բացմանը:
Եվրասիական տնտեսական միությունը պետք է փոխարինի Մաքսային միությանը:
«Մենք պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծենք, որպեսզի հարմարավետ լինի բոլորին՝ և՛ երկրների գործող միությանը, և՛ դրան անդամակցող նոր անդամներին»,- ասել է նա և հավելել, որ ժամանակակից փուլում Եվրասիական միությունը գտնվում է իր զարգացման կարևոր կետում:
Կոսաչևն ընդգծել է, որ այսօր քննարկվում են ոչ միայն ինտեգրման հեռանկարները, այլ նաև առաջին ձեռքբերումները: Նա հիշեցրել է, որ Եվրասիական միության թեման «տաք է, իրական», այն քննարկվում է տարբեր մակարդակներում՝ պետությունների, խորհրդարանների ղեկավարներից մինչև կառավարական կազմակերպություններ, արհմիություններ: Ֆորումի կազմակերպիչները նշել է, որ դրա նպատակն է միավորել այս բոլոր ճյուղերը, գաղափարախոսությունները:









































