Հայաստանում ներքաղաքական ակտիվության, հատկապես հրապարակային փողոցային պայքարի միտումների, առավել ևս ծավալվող զարգացումների պարագայում մշտապես այս կամ այն կերպ ակտիվանում է Արևմուտք-Ռուսաստան, այսպես ասած, դիսկուրսը՝ եզրահանգումով, որ Ռուսաստանը Հայաստանում երբեք թույլ չի տա, այսպես ասած, իշխանափոխություն, և երբեք իշխանափոխություն չի լինի, եթե Արևմուտքը չաջակցի հանրահավաքներին կամ շարժումներին:
Ընդհանուր առմամբ, հայկական հասարակությունը հենց այդ պրիզմայով է դիտարկել, օրինակ, զարգացումները հարևան Վրաստանում՝ «Վարդերի հեղափոխության» ընթացքում, կամ 2014 թվականի ուկրաինական զարգացումները, կամ ավելի վաղ՝ հենց 2004 թվականին նույն Ուկրաինայի «Նարնջագույն հեղափոխությունը», թեև հենց դա պետք է որ ցույց տար՝ իր հետագա, այսպես ասած, կոնֆիգուրացիայով, որ այդօրինակ դիսկուրսը թերևս եթե անգամ ունեցել է հիմնավոր տեղ, ապա ժամանակի ընթացքում դարձել է ավելի ու ավելի ժամանակավրեպ: Դրա վկայությունն էր գուցե նաև հետագայում Վրաստանում իրադարձությունների զարգացումը, երբ ակնհայտորեն գտնվեց Սաակաշվիլիի հեռացման ռուս-ամերիկյան փոխզիջումային որոշում:
Այլ կերպ ասած՝ աշխարհաքաղաքական ուժային երկու կենտրոնների հարաբերության և հարաբերակցության պարզունակացումը ոչ միայն չի կարող դիտարկվել իբրև քաղաքական և քաղաքագիտական վերլուծություն պարունակող, այլ կարող է լինել հանրային-քաղաքական մտքի ապակողմնորոշող ազդակ՝ հանգեցնելով այդ մտքի դեգրադացիայի և իրականությունից կտրվածության: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և հատկապես 2016 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագրից հետո, որն իր քաղաքական բնույթով շատ ավելի լայն ու ընդգրկուն երևույթ է, քան զուտ բովանդակությունը, որ կա համաձայնագրի էջերում:
Անշուշտ, խոսքը Արևմուտք-Ռուսաստան մրցակցությունը կասկածի տակ դնելու, այդպիսի մրցակցության գոյությունը թե՛ ընդհանրապես, թե՛ նույնիսկ Հայաստանի մասով գոյությունը բացառելու, հերքելու մասին չէ: Դա կլիներ թերևս մյուս անհամարժեք և ծայրահեղ դիրքը և ազդակը հանրությանը: Խոսքն այն մասին է, որ Արևմուտք-Ռուսաստան մրցակցությունը կամ դիմակայությունը ամենևին մաթեմատիկական հավասարում չէ, որը լուծելի կամ չափելի է հստակ բանաձևերով, որոնք էլ իրենց հերթին կիրառելի, տարածելի և դիտարկելի են բոլոր պետությունների և ռեգիոնների պարագայում, որտեղ ծավալվում է այդ մրցակցությունը: Ավելին՝ աշխարհաքաղաքական այդ ուժային կենտրոնները թերևս ծայրաստիճան անպատասխանատվություն և անհամարժեքություն կդրսևորեին հենց իրենք, եթե իրենց իսկ մրցակցությանը կամ նույնիսկ դիմակայությանը մոտենային այդ տրամաբանությամբ և սկզբունքով:
Ըստ այդմ՝ միարժեք և մեխանիկական դիտարկումների ու պնդումների փոխարեն, արժե թերևս խորապես վերլուծել և փորձել հասկանալ Արևմուտք-Ռուսաստան մրցակցության կամ դիմակայության պրոյեկտման հնարավոր բովանդակությունը Հայաստանի վրա, երկու բևեռների հնարավոր շարժառիթները Հայաստանում, ռազմավարության և մարտավարության կառուցման, սցենարների մշակման, տարբերակների դասակարգման ելակետերը: Նույնիսկ չափազանց կարևոր է, թե Մոսկվայում և ասենք՝ Վաշինգտոնում կամ Բրյուսելում, Փարիզում, Լոնդոնում հատկապես ի՞նչ մակարդակում են դիտարկվում Հայաստանի խնդիրները, այդ թվում՝ ՌԴ-ի հետ մրցակցության, հակադրության կամ դիմակայության համատեքստում: Ըստ այդմ՝ տվյալների կամ գնահատականների և դիտարկումների առավելագույն ամբողջականության պայմաններում է հնարավոր ճշգրտորեն հասկանալ, թե Արևմուտքն ու Ռուսաստանը ինչպես են դիտարկում իրենց հարաբերությունը Հայաստանի, այսպես ասած, «ուղեծրում»՝ դիմակայության, մրցակցության կամ ուղղակի բախման ռեժիմում:
Հնարավո՞ր է անել միարժեք պնդում, դիցուք, որ Արևմուտքը Հայաստանում հետապնդում է Երևանը Մոսկվայի ազդեցությունից դուրս բերելու խնդիր և դրա համար փնտրում է, այսպես ասած, քաղաքական կամ հասարակական աջակցություն կամ առիթ: Այդ պնդումները, դրանց վրա կառուցվող մեսիջները և ազդակները ընդհանրապես նպաստո՞ւմ են Հայաստան-Արևմուտք հարաբերության կայուն և շարունակվող զարգացմանը, թե՞ ավելացնում են ռիսկերը, Ռուսաստանին «սադրում» հակազդեցության, դրանով ստեղծում անհարկի խոչընդոտներ ու լարվածություն առաջին հերթին հենց Հայաստան-Արևմուտք հարաբերության շուրջ: Ընդ որում՝ այստեղ խնդրին խորապես առնչվող հարցերի շատ փոքր շրջանակ է, մինչդեռ տարողությունը բավական մեծ է:
Այդ իմաստով խիստ խորհրդանշական է թերևս մի բան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հարցազրույց-մեկնաբանությունը Հայաստանում քաղաքական ծայրահեղությանը ԱՄՆ աջակցության վերաբերյալ հարցին, որտեղ ԱՄՆ դեսպանը գործնականում դե ֆակտո հայտարարում էր այն, ինչի վերաբերյալ առնվազն հարցադրման տեսքով խոսում ենք մենք՝ ԱՄՆ-ը չունի Հայաստանին, այսպես ասած, ընտրության առաջ դնելու և Ռուսաստանից կտրելու խնդիր, ըստ այդմ՝ այդպիսի խնդրի վերաբերյալ հանրությանն ուղարկվող ազդակները կարող են ունենալ մանիպուլյատիվ, ապակառուցողական և ընդհուպ հենց Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունը կտրելու վտանգավոր նպատակներ:










































