Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է չինական Syntszyan company Chen and Agrotechnology Co.LTD ընկերության ղեկավար Լի Սիենմինին:
Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում և զբաղվում է նաև հայկական գյուղմթերքների արտահանմամբ: Գյուղատնտեսությունը, գյուղարտադրանքի վերամշակումը Հայաստանի նախագահի լիազորությունների մեջ չի մտնում ոչ մի ձևով` ուղղակի կամ անուղղակի:
Առհասարակ` հետաքրքիր էր հետևել Արմեն Սարգսյանի առաջին աշխատանքային շաբաթվա գրաֆիկին` մոտավոր պատկերացում կազմելու համար, թե մոտավորապես որ ուղղություններն են գերակա Արմեն Սարգսյանի համար:
Հայաստանի չորրորդ նախագահը կատարել է մի քանի արարողակարգային պարտականություններ, մասնավորապես` երդմնակալության արարողությունից հետո այցելել է Եռաբլուր, ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի հրաժարականը, իր նստավայրում հանդիպել է իր ինագուրացիային մասնակցած մի քանի օտարերկրացի պաշտոնյաների:
Նախագահի նստավայրում երեկ հյուրընկալվել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ:
Աշխատանքային հինգ օրերի ընթացքում Արմեն Սարգսյանի միակ` քիչ թե շատ, համարժեք քայլը եղել է ասուլիսը` ռուսաստանցի լրագրողների մասնակցությամբ: Այստեղ էլ, իհարկե, առաջանում են այլ հարցեր. ինչքանով է նպատակահարմար Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական շփումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ` հենց այս ձևաչափով: Սա ավելի շատ Մոսկվայի ուղղությամբ կատարված քաղաքական ժեստ էր, ինչը չթաքցրեց անգամ նախագահը: Մինչդեռ` փորձագիտական որոշակի շրջանակներ հույս էին հայտնում, որ Արմեն Սարգսյանի ընտրությունը` հակառակը, պետք է նպաստի Հայաստանի իշխանության, այսպես կոչված, բովանդակային դիվերսիֆիկացիային:
Սակայն էականը նույնիսկ Սարգսյանի կոնկրետ ասուլիսի բովանդակությունը կամ ձևաչափը չեն, այլ այն, որ նրա նախագահական օրակարգը, ըստ էության, դատարկ է:
Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի ինստիտուտը զգալիորեն կորցրել է իր կշիռը, ինստիտուցիոնալ նշանակությունը: Այնուամենայնիվ, պաշտոնին` մեր տիպի երկրներում, որտեղ պետական ավանդույթները, կառավարման մշակույթը կայացած չեն, բովանդակություն է հաղորդվում կոնկրետ պաշտոնյաների արժեհամակարգի, վարքագծի, պատկերացումների շնորհիվ: Ասել կուզի, որ իշխանության հրապարակային դեպքերն են շատ հաճախ ավանդույթներ, նախադեպեր ձևավորողները:
Արմեն Սարգսյանը խոստացել էր նախագահական լիազորությունների սահմանափակումը փոխհատուցել, այսպես կոչված, խոսքի իշխանությամբ: Ինքնին հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքը, առաջին հերթին, հասարակական տրամադրություններ ստեղծելու միջոցով իշխանության այլ սուբյեկտների որոշումների վրա ազդելու մասին է:
Սակայն ուշագրավ է, որ մարտի 2-ից` նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, Արմեն Սարգսյանը հանդես չի եկել որևէ հրապարակային գնահատականով` չնայած այս փուլում տեղի են ունեցել հասարակական և քաղաքական հնչեղություն ունեցող իրադարձություններ, մասնավորապես` դատարանն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար տեսավ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, Երևանի քաղաքապետարանը, ըստ էության, «փակվեց» լրագրողների առջև, էլ չենք ասում այն մասին, որ խորհրդարանը զբաղված էր Սահմանադրության «խմբագրմամբ» և նախագահական` առանց այն էլ սահմանափակ լիազորությունների կրճատմամբ:
Պաշտոնը ստանձնելուց հետո Արմեն Սարգսյանն այդպես էլ հանդես չեկավ հասարակությանը հասցեագրված ուղերձով, որը պետք է լիներ քաղաքական փաստաթուղթ` իր հստակ թիրախներով, շեշտադրումներով:
Առհասարակ` այնպիսի տպավորություն է, որ Արմեն Սարգսյանի առաքելությունն ավարտվել է` պաշտոնը դեռ չստանձնած: Արմեն Սարգսյանի առաջադարումը համընկավ համակարգային տրանսֆորմացիայի ավարտական հանգրվանի հետ` հասարակության մոտ որոշակի հույսեր ծնելով, թե նա գուցե որոշակիորեն քաղաքակրթի, բարեփոխի իշխանությունը: Սակայն չորրորդ նախագահը, ըստ ամենայնի, այս առաքելությունը չունի, և ընդամենը մի որոշ ժամանակ, իր բարի ժպիտով, արևմտյան շարժուձևով քողարկելու է իշխանության ավտորիտարիզմը, վայրենությունը:
Երբ Սերժ Սարգսյանը` առանց լուրջ պրոբլեմների ու հասարակության դիմադրության երկարաձգում է իր իշխանությունը, ապա դրա հիմնական պատասխանատուն Մոսկվայից կամ Լոնդոնից ժամանած «առաքյալներն» են, ովքեր յուրօրինակ «արհեստական շնչառություն» դարձան Սերժ Սարգսյանի իշխանության համար: Այս առումով` Կարեն Կարապետյանը կամ Արմեն Սարգսյանը փոխլրացնում են միմյանց` «նոր ոգի» և «բարի ժպիտ» հաղորդելով Սերժ Սարգսյանի նոր, բայց էությամբ հին ու ավտորիտար իշխանությանը:
Լուսանկարը՝ Photolure-ի









































