Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը հայ զինվորականներին ստիպում էր գնալ և տասն անգամ քվեարկել, այսինքն՝ այն ժամանակից սկսեցին ազգը փչացնել: Նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ Սարգսյանը դա անում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրահանգով:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին և տարածված լուրերին, թե վերջինս կժամանի Գյումրի ու չի լինի Երևանում՝ Հայրիկյանը նշեց, որ դա կլինի շառաչուն ապտակ Հայաստանի ղեկավարությանը: Նա կարծիք հայտնեց, որ Պուտինն այդպիսի բան թույլ չի տա: Նախքան այդ Հայրիկյանը տևական ցույց է սկսում նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով «Վիլնյուս կամ հրաժարական»:
Լրագրողներն ԱԻՄ առաջնորդից հետաքրքրվեցին՝ որքանո՞վ է բարոյական դեմ դուրս գալ և հրաժարական պահանջել մի իշխանությունից, որը քաղաքական գործչի մահափորձից հետո վիրահատության համար անհրաժեշտ ծախսերը փոխհատուցեց: Այս հարցադրմանը նա բուռն արձագանքեց. «Ով է ձեր մտածելակերպն այդ աստիճանի փչացրել: Ես երբեք չեմ ասել, չէ՞, որ եղել եմ ազատամարտիկ. ես եղել եմ մի հսկայական տարածաշրջանի հրամանատարը՝ մոտ վեց ամիս, որպես զինվորականի՝ պետությունը ևս պարտավոր էր ինձ աջակցել, ես եղել եմ նախագահի թեկնածու: Պետությունը պարտավոր էր դա անել»:






































