Մեծ Բրիատնիայի իշխանությունները մտադիր են հետ պահել Իսրայելին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը խափանելու փորձերից: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
Նրա խոսքով՝ իր երկիրը պատրաստ է տարհամոզել աշխարհում ցանկացած մեկին, այդ թվում՝ Իսրայելին, այնպիսի քայլերի հարցում, որոնք կարող են խափանել պայմանավորվածություններն Իրանի հետ: Հեյգը հավելել է, որ Մեծ Բրիտանիան անում է հնարավորը՝ իր դիրքորոշումը հասկանալի դարձնելու համար հետաքրքրված բոլոր կողմերին:
Բրիտանացի արտգործնախարարը նշել է, որ դեռևս ակնհայտ ազդանշաններ չկան, թե երկխոսության մասնակից երկրներից որևէ մեկը մտադիր է խափանել բանակցությունները՝ հավելելով, որ մեծ Բրիտանիան կփորձի խոչընդոտել դրան:
Ավելի վաղ Իսրայելը դժգոհություն էր արտահայտել համաձայնագրի առնչությամբ: Նման դիրքորոշում էր արտահայտվել՝ չնայած Վաշինգտոնի հավաստիացումներին, որ համաձայնագիրը կապահովի տարածաշրջանում ԱՄՆ-ի բարեկամների անվտանգությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրուկ քննադատության էր ենթարկել միջազգային համաձայնագիրը՝ ասելով, որ այն հիմնված է խաբեության վրա, և որ այն վատ գործարք է:






































