Ռումինացին, որ չէր կարողացել համոզել դատարանին, որ ինքը կենդանի է, նորից հայց է ներկայացրել դատարան՝ իր մահվան վկայականը չեղարկելու պահանջով: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Կոնստանտին Ռելիուն 1992 թվականին մեկնել է Թուրքիա աշխատելու նպատակով և կորցրել է ընտանիքի հետ կապը: Կինը, երկար ժամանակ ամուսնուց լուր չունենալով, կարողացել է նրա մահվան վկայականը ձեռք բերել: Ռելիուն հայտարարել է, որ իր կինը այդ քայլին գնացել է, որպեսզի հնարավորություն ստանա Իտալիայում ապրելու այլ տղամարդու հետ:

Մարտի կեսերին Ռելիուն տանուլ է տվել իր կենդանությունը փաստելու պահանջով դատը Վասլույ քաղաքի դատարանում: Դատարանի որոշմամբ՝ գործընթացային տեսանկյունից հայցվորը չափազանց ուշ է դիմել դատարան: Ուրբաթ օրը Ռելիուն հայտարարել է, որ բողոքարկել է դատավճիռը՝ իր մահվան վկայականը չեղարկելու հայցով նորից դիմելով դատարան: Նա նաև հայտարարել է, որ այն բանից հետո, երբ իր գործը հասարակական հնչեղություն ստացավ, փաստաբանն անվճար ծառայություն է առաջարկել իրեն, քանի որ ինքը գումար չունի:








































