Եգիպտոսի նոր սահմանադրության նախագծի հարցով հանրաքվեն կկայանա հունվարի երկրորդ կեսին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Հազեմ Ալ-Բելբավիին:
Ակնկալվում էր, որ հանրաքվեն անցկացվելու է դեկտեմբերին: Հուլիսին երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը նոր սահմանադրություն ընդունելու մասին հռչակագիր է հրապարակել, որի տեքստում ասվում է, որ նոր սահմանադրության հանրաքվեն տեղի կունենա սահմանադրական հռչակագրի հայտարարումից մեկ ամիս հետո:
Հանձնաժողովը, որը բաղկացած է քաղաքացիական հասարակությունից ընտրված 50 ներկայացուցիչներից, ստեղծվել է սեպտեմբերի սկզբին՝ քննարկելու համար հիմնական օրենքի նախագիծը: Անհրաժեշտության դեպքում այն ուղղումներ կմտցնի նախագծում:
Երկրի նախորդ սահմանադրությունը, որն ընդունվել էր 2012 թ. սեպտեմբերին և վիճաբանությունների առիթ էր հանդիսացել եգիպտական հասարակությունում, չեղյալ է հայտարարվել զինվորականների կողմից, որոնք հուլիսի 3-ին տապալել են նախագահ Մուհամմեդ Մուրսիին:











































