Բրիտանացի ուսուցիչները նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել: Ինչպես հայտնում է Sky News-ը՝ նրանք ամենաերկար ուղևորությունն են իրականացրել եռանիվ մոտոռոլերով, որը հայտնի է տուկ-տուկ անվանումով:
28-ամյա Ռիչարդ Սիրսն ու Նիկ Գոֆը տուկ-տուկով մոտ 37.5 հազար կմ տարածք են հաղթահարել՝ ճանապարհորդելով Ասիայով, Աֆրիկայով և Հարավային Ամերիկայով: Ուղևորությունն իրականացվել է զարգացող երկրների կրթական նախագծերին աջակցելու ակցիայի շրջանակում: Այս պահի դրությամբ նրանք արդեն 37 երկրում են եղել և այժմ գտնվում են Պերուում:
Ռիչարդ Սիրսը հույս է հայտնել, որ իրենց ուղևորությունն ուշադրություն կհրավիրի այն խնդրին, որ զարգացող երկրներում շատ երեխաներ նախկինի պես սովորելու հնարավորություն չունեն: Նրանց խոսքով՝ ավելի քան 57 մլն երեխա աշխարհում կրթություն ստանալու հնարավորություն չունի, չնայած համաշխարհային առաջնորդների ստանձնած՝ մինչ 2015 թվականը համընդհանուր տարրական կրթություն ապահովելու պարտավորությանը:
Բրիտանացիների ուղևորությունը մեկնարկել էր Լոնդոնում 2012-ի օգոստոսի 13-ին: Նրանց տրանսպորտային միջոցի արագությունը չի գերազանցում 54 կմ/ժամը: Նրանք ակնկալում են ուղևորությունն ավարտվել 2013-ի դեկտեմբերին Ռիո դե Ժանեյրոյում, որտեղից էլ Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողով հայց կներկայացնեն: Հայտնի չէ, թե ում է պատկանում տուկ-տուկով շրջագայության նախորդ ռեկորդը:







































