Հայաստանի կառավարությունը ցանկանում է ստիպել Հայաստանի բնակչությանն ավելի շատ աշխատել: Եվ ամենակարևորը, դա արվում է ազգային հողի, կամ ինչպես կասեին Սփյուռքում՝ ազգային գետնի վրա: Ինչպես խոստացել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում: Ըստ առաջարկվող փոփոխության՝ հունվարի 3-ը, 4-ը և 5-ը այլևս չեն լինի տոնական օրեր: Ի դեպ, սրանով կառավարությունը հետ ողորմյա է անում նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբում ընդունված փոփոխությունը, որով հունվարի այդ երեք օրերը հայտարարվեցին ոչ աշխատանքային: Տոների և հիշատակի օրերի մասին օրենքը ընդունվել է 2001թ., և այն ժամանակ հունվարի 3-ը, 4-ը և 5-ը աշխատանքային էին: Միայն 2009թ. դեկտեմբերի 10-ին, կառավարության առաջարկով, խորհրդարանը փոփոխություն կատարեց օրենքում, և հիշյալ երեք օրերը ևս ճանաչվեցին ոչ աշխատանքային: Մի՞թե 9 տարի անց իշխանությունը Հայաստանում դարձել է ավելի ազգային, թե ուղղակի Կարեն Կարապետյանը որոշել է ավելի աշխատասեր երևալ: Ի դեպ, հունվարի սկզբին նա գրեթե 15 օր Հայաստանում չէր և հագստանում էր:
Կառավարության այդ նախաձեռնությունը խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը: Մենք չենք կարող ասել, թե ինչպիսի փոխնախարար է Ավետիսյանը, բայց որ նա ընդհանրապես զուրկ է տարրական գիտելիքներից, կարելի է դատել նախագծի նրա ներկայացրած հիմնավորումից:
Այսպես, Թադևոս Ավետիսյանը պնդում է, որ հունվար ամսվա հիշյալ օրերը չպետք է լինեն տոնական, քանի որ այդ տոները ազգային չեն, իսկ Հայաստանի կառավարության տեսակետն այնպիսին է, որ մեր տոնացույցը պետք է հագեցած լինի ազգային տոներով: Մեկը չկար, որ Ավետիսյանին հարցներ՝ եթե հունվարի 3-ը կամ 4-ը ազգային չէ, այդ դեպքում արդյոք ազգային տոն է հունվարի 1-ը կամ հունվարի 6-ը: Եթե մենք ազգայնացրել ենք Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, ապա դրա հետ կապված, կառավարությունը պետք է առանձին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա: Կամ արդյոք կառավարության հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը լինելու է մարտի 8-ը որպես Կանանց միջազգային տոն նշելուց հրաժարվելը, թե այդ տոնն էլ կազգայնացվի, ասենք՝ Կլարա Ցետկինը հայտարարվի հայ, ու ընդհանրապես կանանց իրավունքների համար պայքարը հռչակվի բնիկ հայկական: Նույնը վերաբերվում է մայիսի 1-ին, որը մեր օրենքով տոնական է և ոչ աշխատանքային, բայց կարծես այնքան էլ ազգային չէ: Մինչդեռ, օրինակ, մայիսի 26-ը ոչ տոնական է և ոչ էլ ոչ աշխատանքային, թեև այդ օրն է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը: Կառավարությունն այս ուղղությամբ հսկայական անելիք ունի:
Բայց Թադևոս Ավետիսյանը կաղում է ոչ միայն պատմագիտությունից, այլ նաև պարզ թվաբանությունից: Այդ ինչպես է նա հաշվել, որ ստացել է Հայաստանում 222 աշխատանքային օր: Հայաստանը ունի 15 ոչ աշխատանքային օր, գումարած 104 օր շաբաթ և կիրակի օրեր: Միջին հաշվով աշխատանքային օրերի քանակը կազմում է 250 օր, որովհետև առնվազն 3-4 տոն օր համընկնում է շաբաթ և կիրակի օրերի հետ: Ավետիսյանը կարող է ասել, որ կան նաև արձակուրդի օրերը, բայց արձակուրդ կա ամբողջ աշխարհում: Օրինակ՝ մեր հարևան Ռուսաստանը ունի 16 տոնական օր, իսկ աշխարհին իր աշխատասիրությամբ հայտնի Չինաստանում ընդհանրապես 21 տոնական և ոչ աշխատանքային օր կա, բայց դա չի խանգարում Չինաստանին լինել աշխարհի ամենադինամիկ զարգացող տնտեսությունը, և աշխարհը ողողել իր արտադրած ապրանքներով:
Ընդհակառակը՝ մենք համոզված ենք, որ Հայաստանում հնարավորինս պետք է ավելացնել ոչ աշխատանքային օրերի քանակը, առնվազն կառավարության համար, որովհետև որքան քիչ աշխատի այս կառավարությունը, այնքան ավելի քիչ վնաս կտա երկրին, և ավելի քիչ նման անիմաստ նախաձեռնություններով հանդես կգա: Բարեբախտաբար, պատգամավորները մերժեցին կառավարության այս առաջարկությունը և ստիպեցին, որ այն խորհրդարան ներկայացվի լրամշակված:









































