Հիմա բոլորը սիրում են խոսել այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը դրժելու է դեռևս չորս տարի առաջ տված իր խոստումը վարչապետ չդառնալու կամ երկու անգամից ավելի երկրի ղեկավարի պաշտոնը չզբաղեցնելու մասին: Բայց որևէ մեկը չի ուզում հիշել մեկ տարի, և նույնիսկ ամիսներ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի տված բազմաթիվ խոստումների մասին, այն դերի մասին, որն իր վրա վերցրեց Կարեն Կարապետյանը և հիմա էլ շարունակում է սուսիկ-փուսիկ կատարել: Եվ այդ իմաստով Կարեն Կարապետյանը ավելի մեծ երդմնազանց է:
Կարեն Կարապետյանը Հայաստան եկավ որպես Սերժ Սարգսյանի իրավահաջորդ: Նա հանրությանը ներկայացավ որպես մի մարդ, որը 2018թ. ապրիլի 9-ից հետո, երբ կավարտվեր նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, պետք է փոխարիներ նրան երկրի ղեկավարի պաշտոնում: Սկզբում ներկայացվում էր այնպես, որ Կարեն Կարապետյանի՝ 2016թ. սեպտեմբերից մինչև 2018թ. ապրիլ վարչապետության ժամկետը ընդամենը փորձաշրջան է երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ:
Հասարակությունը փոփոխություններ էր ուզում, և նրա համար, ըստ էության, այնքան էլ կարևոր չէր, թե ով է փոխարինելու Սերժ Սարգսյանին, կարևորը, որ փոփոխություն լինի:
Ընդդիմության միջոցով իշխանափոխության հասնելու ծրագրի անիրատեսությունից հոգնած հասարակությունը, փոփոխության հույսը կապում էր իշխանության ներսում ռոտացիայի հետ:
Կարեն Կարապետյանը 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի դեմքն էր, նա փաստացի ՀՀԿ-ի վարչապետի ապագա թեկնածուն էր, որովհետև իր վրա էր վերցրել ընտրարշավի առաջնորդի դրոշը: Նա նույնիսկ տարանջատվել էր Սերժ Սարգսյանից, քանի որ որևէ նախընտրական պլակատի վրա չկար Սերժ Սարգսյան և Կարեն Կարապետյան համատեղումը:
Կարեն Կարապետյանը հրապարակայնորեն հերքում էր այն կասկածները, որ նա խաղի մասնակից է, որ իր և Սերժ Սարգսյանի միջև պայմանավորվածություն կա, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը նախագահական ժամկետն ավարտելուց հետո պետք է զբաղեցնի վարչապետի, իսկ նա նրա տեղակալի պաշտոնը: Դեռևս անցած տարվա նոյեմբեր ամսին, պատասխանելով իր և նախագահ Սարգսյանի միջև առկա պայմանավորվածության մասին հարցին, Կարապետյանն ասել էր. «Ես այս հարցին բազմիցս պատասխանել եմ: Այս պահի դրությամբ՝ ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ առաջարկելու է վարչապետի իր թեկնածությունը: Նման քննարկումներ մենք չենք ունեցել, ուստի որևէ պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է»: Դրանից ավելի վաղ խորհրդարանում պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե պատրաստվում է պաշտոնավարել նաև 2018թ. ապրիլի 9-ից հետո, ասել էր. «Այն հանգամանքը, որ մենք կառավարության ծրագիրը ֆիքսել ենք 2017-2022 թվականների համար, ինչ-որ առումով պատասխանում է ձեր հարցին»:
Բայց անկախ այս հավաստիացումներին, բոլորի մոտ կասկածներն առկա էին: Անցած տարի Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի լիբանանահայ մասնակից Համբիկ Մարտիրոսյանը, դիմելով վարչապետ Կարապետյանին, ասել էր. «Դուք նոր հեղափոխական ճամփա բացեցիք: Բացի դրանից՝ կարծում եմ, որ լավ շախմատ եք խաղում, քանի որ շախ և մատ ցույց տվեցիք և հրապարակը մաքրեցիք որոշ անձնավորություններից: Հիմա հարց պետք է տամ` խնդրելով մեկ բառով պատասխանել՝ արդյոք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոնում»: Կարեն Կարապետյանն էլ պատասխանել էր. «Այո»:
Մինչդեռ հիմա Կարեն Կարապետյանը լռում է, և գերադասում է չխոսել այս խնդրի մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ խորհրդարանում նրան կրկնակի հարց են ուղղում, թե արդյոք կհամաձայնվի զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը: Իսկ խնդիրն իսկապես առկա է, որովհետև եթե հայտարարի, որ պատրաստ է, կնշանակի՝ մեկուկես տարի շարունակ խաբել է հայ հանրությանը, հավաստիացնելով, որ նա իշխանության իրական հավակնորդ է, և ոչ թե սովորական մարիոնետ, որ ընդամենը խաղում է իրեն վերապահված դերը: Եվ, անշուշտ, կհամաձայնվի նոր դերի հետ, եթե իրեն նման առաջարկ արվի:
Կարեն Կարապետյանը ֆորմալ արդարացում ունի, նա կարող է ասել, որ վարչապետի թեկնածուի հարցը որոշում է կուսակցությունը, և նա պարտավոր է ենթարկվել այդ որոշմանը:
Բայց սա չափազանց պրիմիտիվ ու հակաքաղաքական բացատրություն է: Որևէ խորհրդարանական կառավարմամբ երկրում քաղաքական մեծամասնությունը չի կարող վերցնել ու ապօրինի ինչ-որ մեկի թեկնածությունը առաջադրել վարչապետի թեկնածու: Վարչապետն այն մարդն է, որը ստացել է հանրության քվեն՝ գլխավորելով կուսակցության ընտրական ցուցակը կամ քարոզարշավը: Եվ եթե հիմա Կարեն Կարապետյանը փորձելու է թաքնվել այդ արդարացման տակ, ուրեմն նա 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ գիտեր, որ աշխատում է ոչ թե իր, այլ վարչապետ Սերժ Սարգսյանի համար, նրա հանձնարարությամբ և նրա հետ ունեցած հստակ պայմանավորվածությամբ, հանրությանը խաբելու և «քցելու» հստակ նպատակադրմամբ:











































