Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 27-ին հրապարակեց «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով Հայաստանը 12 հազար 200 եվրո փոխհատուցում կվճարի դիմումատու Վարդան Թեյմուրազյանին:
ՄԻԵԴ վճռից պարզ է դառնում, որ դիմումատու Վարդան Թեյմուրազյանը բողոք է ներկայացրել նյութական փոխհատուցման պահանջով, որովհետև վնասի փոխհատուցում չի ապահովվել նրա հանդեպ վատ վերաբերմունքի և անօրինական կալանավորման համար։ Եվրոպական դատարանը համարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել դիմումատուի՝ արդյունավետ միջոցների և փոխհատուցում ստանալու իրավունքը:
Վարդան Թեյմուրազյանի պատմությունը 2005 թվականին մամուլի առաջին էջերում էր լուսաբանվում։ Թեյմուրազյանը զոհ էր դարձել պետավտոտեսչության լկտի պահվածքին։ Նրան 2005 թվականին մեքենայով իր երեխային հիվանդանոց տանելիս ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել էին՝ մեքենան իբր կարմիր լույսի տակով անցնելու համար։ Թեյմուրազյանը այդ իրավիճակում էր հայտնվել ճանապարհը շտապօգնության աշխատակցին զիջելու պատճառով։ Զիջելուց հետո նրա մեքենան հայտնվել էր «ստոպ գծից այն կողմ»։ Ճանապարհային ոստիկանները կանգնեցնելով մեքենան՝ երկար-բարակ փորձել էին պարզել, թե ինչպես էր մեքենան մնացել խաչմերուկում, ինչու է կարմիրի տակով անցել և այլն։ Թեյմուրազյանը բացատրել էր, որ ինքը կանաչ լույսի տակով է անցել, պարզապես զիջելով շտապօգնությանը՝ իր մեքենան մնացել է խաչմերուկում, երբ լույսը փոխվել է։
«Երկար բացատրելուց հետո պետավտոտեսուչն ինձ ասեց՝ գիտես ինչ, 2000 դրամ տուր, գնա։ Ես ասացի, որ երեխային բժշկի եմ տանում, այնտեղ 5 հազար դրամ պետք է տամ, դրա համար հիմա չեմ կարող վճարել։ Առաջարկեցի իմ վարորդական իրավունքը թողնել իրենց մոտ, գնալ բժշկի, վերադառնալուց հետո նոր վճարել։ Նրանք չհամաձայնեցին՝ պնդելով, որ բառացի՝ նիսյա բազար չեն անում, 5 հազար դրամ ունեմ մոտս, տամ, իրենք իմ զդաչին կտան։ Մի խոսքով՝ համաձայնության չեկանք, նրանք սկսեցին ակտ գրել։ Ես, տեսնելով, որ ուշանում եմ, ասացի՝ լավ, գրեք ակտը, ես էլ կգրեմ, որ ես անցնում էի, ճանապարհը զիջեցի շտապօգնությանը, ինձ կանգնեցրին ու գումար պահանջեցին ինձանից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դեպքից 13 տարի անց պատմեց Թեյմուրազյանը։
Ճանապարհային ոստիկանների հետ համաձայնության չգալով՝ քաշքշուկ է սկսվում, Թեյմուրազյանին նստեցրել էին ոստիկանների մեքենան և տարել ոստիկանական բաժանմունք՝ մանկահասակ երեխային միայնակ թողնելով մեքենայի մեջ։ Ոստիկանական բաժանմունքում ճանապարհային ոստիկանները հայտարարել էին, որ նա հարձակվել է ոստիկանների վրա, մարմնական վնասվածքներ հասցրել նրանց։ Արդյունքում մեղադրանք էին առաջադրել 316 հոդվածի 1-ին մասով և տարել դատարան՝ կալանքի սանկցիա կայացնելու համար։ Դատավորը, սակայն, կալանք չէր սահմանել, և երեք օր անց Թեյմուրազյանին ազատ էին արձակել։ Նա դատաբժշկի ուղեգիր էր վերցրել, դատաբժշկական փորձաքննությունը պարզել էր, որ Թեմյուրազյանի մոտ աջ այտոսկրի կոտրվածք կա և ուղեղի ցնցում։
Այսքանից հետո, սակայն, նրան առաջադրված մեղադրանքը ավելի էր խստացվել՝ 316 հոդվածի երկրորդ մասով էր մեղադրանք առաջադրվել, որը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում, և նորից Թեյմուրազյանին տարել էին դատարան՝ կալանքի սանկցիա տալու հմար։ Այս անգամ, սակայն, դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի (Մացո) նախագահությամբ, բավարարել էր կալանքի սանկցիան։ Թեյմուրազյանին 2 ամսով կալանավորել էին։
«Այդ ընթացքում քննիչը գալիս-գնում էր, թե՝ Թեյմուրազյան, հո դու պրեզիդենտ չես դառնալու, արի քո վրա վերցրու, մենք էլ պայմանական կտանք քեզ։ Ես մերժեցի նրանց առաջարկը ու պնդեցի, որ ես արդարացվելու եմ, իսկ իրենք խայտառակ են լինելու։ 45 օր անց ինձ ազատ արձակեցին, դատական պրոցես սկսվեց, և ի պատիվ դատավոր Պարգև Օհանյանի՝ 2006 թվականին առաջին ատյանի դատարանը ինձ արդարացրեց և երկու ոստիկանների մասով գլխավոր դատախազությանը միջնորդություն ներկայացրեց գործ հարուցել պաշտոնեական դիրքի չարաշահման մասով։ Վերաքննիչ դատարանը ոստիկանների մասով մեղադրանքը հանեց, իսկ արդարացումը թողեց ուժի մեջ։ Իմ արդարացումը ուժի մեջ թողեց նաև վճռաբեկը: Եվ քանի որ մեր օրենսդրական դաշտում չկար բարոյական վնասի հատուցում հասկացությունը, ես դիմեցի ՄԻԵԴ։ Իմ նպատակը դա էր և կոնվենցիայի խախտումները»,-պատմեց Թեյմուրազյանը՝ հավելելով, որ ՄԻԵԴ-ի որոշումը իրեն լիովին բավարարում է, բայց ցավ է ապրում, որ իր նկատմամբ ակնհայտ անարդարացի որոշում կայացրած դատավորը՝ Մացոն, առ այսօր աշխատում է որպես դատավոր, հանգիստ կաշառք է վերցնում և նույն տրամաբանությամբ մարդկանց է դատում։ Իսկ այն դատավորը, որը որ արդարացրել էր իրեն՝ Պարգև Օհանյանը, վաղուց արդեն համակարգում չէ, ազատված է գործից։ Համակարգում են աշխատում նաև իր նկատմամբ բռնություն գործադրած երկու ոստիկանները։ Նրանք առաջ կոչումով կապիտան էին, իսկ հիմա՝ մայոր։
«Այդ սրիկաներին բառացիորեն մեկ ամիս առաջ եմ տեսել մայորի կոչմամբ։ Սա խոսում է նրա մասին, որ մինչև մեր երկրում կոռուպցիոն համակարգը չվերանա, այս պատկերը կպահպանվի։ Գիտեք, ինձ համար այդ գումարը՝ 12 հազար եվրոն, արժեք չունի, ես ցավում եմ, որ դրա պատճառով մեր երկրի իմիջն է ընկնում, մեր երկիրը խայտառակ է լինում, Եվրադատարանն է մատնացույց անում մեր դատարաններին իրենց սխալները։ Սա է ցավալին։ Պետք է դաս քաղեն։ Որ դաս քաղեն, պատկերը այլ կլինի։ Տա Աստված, որ այլևս նման վճիռներ չլինեն ընդդեմ Հայաստանի։ Մեր բյուջեում այդքան գումար չկա։ Եվ ուզում եմ, որ արժանավոր դատավորները վերադառնան համակարգ, իսկ Մացոյի նման կաշառակերներն ու պատվեր կատարողները այլևս համակարգում չլինեն»,- եզրափակեց Թեյմուրազյանը։








































