Շաբաթ օրը՝ մարտի 24-ին, Շիրակի պետհամալսարանում կայացած գիտխորհրդի նիստում այդպես էլ որևէ անդրադարձ չի եղել երկու դասախոսների՝ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի ազատման որոշմանը։
Մինչդեռ հիշեցնենք, որ նախօրեին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ մարտի 24-ի գիտխորհրդի ընդլայնված նիստում իրենք կքննարկեն դասախոսների ազատման հարցը և տեղում կփորձեն լուծում տալ խնդրին։ «Շաբաթ օրը կլինենք համալսարանում, գիտական խորհրդի և հոգաբարձուների ընդլայնված նիստ է լինելու, կլինի հաշվետվություն, բոլոր հարցերը կնայենք տեղում։ Խորհուրդն ու ռեկտորատը համապատասխան ձևով կզեկուցեն խնդրի մասին»,- ասել էր Մկրտչյանը։
«Գիտխորհրդի նիստի ժամանակ մեր հարցը առհասարակ չի քննարկվել։ Գիտխորհրդի նիստից հետո լրագրողներն ու ուսանողներն են մեր վերաբերյալ հարցեր տվել, բայց այդպես էլ կոնկրետ պատասխան չի եղել։
Նախարարն ու պարոն Ցոլակյանը միայն հայտարարել են՝ թող դիմեն դատարան։ Այդքանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Համբարյանը՝ ավելացնելով, որ ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը իրենց միտումնավոր էր այդ ժամանակ կրճատել, որպեսզի իրենք հնարավորություն չունենային մասնակցել գիտխորհրդի այս նիստին, և նախարարի ներկայությամբ այլ հարցեր չբարձրացվեին և չքննարկվեին։
Գիտխորհրդի շաբաթ օրվա նիստում ռեկտորը պարզապես իր հաշվետվությունն է ներկայացրել, և այդքանով էլ ավարտվել է։ «Սա աբսուրդի ժանրից է։ Ծաղր է։ Ուղղակի զարմանալի է, թե ինչպես կարելի է գիտաշխատողին շինծու մեղադրանք առաջադրել, նրան ազատել գործից։ Սա շատ մեծ վտանգ է պարունակում իր մեջ։ Վաղը, մյուս օրը բոլոր գործատուները կկարողանան իրենց աշխատողների բերանը փակել։
Քննադատում ես ռեկտորին, վերջինս քննադատությունը վերագրում է ամբողջ բուհին։ Քննադատում ես քո գործատուին, նա դա վերագրում է ամբողջ ընկերությանը։ Կրկնում եմ՝ վտանգավոր նախադեպ է»,- անդրադառնալով կատարվածին՝ նշեց Համբարյանը։
Ի դեպ, գիտխորհրդի այս նիստի ժամանակ որևէ անդրադարձ չի կատարվել նաև ԿԳՆ-ի կողմից Շիրակի պետհամալսարանում կատարված ստուգումների արդյունքներին և կայացված ակտին։ Մինչդեռ նախարարը մեզ հետ զրույցում նշել էր, որ ստուգումների վերաբերյալ կայացված ակտը և ակտում արձանագրված աղաղակող խախտումները ևս քննարկման առարկա են դառնալու գիտխորհրդի նիստի ժամանակ։ «Կլինի հաշվետվություն, կլինեն աուդիտի և մեր կատարած ստուգումների վերաբերյալ զեկույցներ, ու բոլոր հարցերին այդ ժամանակ կանդրադառնանք»,- ասել էր նախարար Մկրտչյանը։
«Բացարձակ ոչ մի անդրադարձ չի եղել նաև ստուգումներին, կայացված ակտի, աուդիտի վերաբերյալ։ Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ»,- ասաց Համբարյանը։
Մեր դիտարկմանը, թե այս ամենից հետո իրենք ինչ են պատրաստվում անել, դիմելո՞ւ են դատարան, որպեսզի բողոքարկեն իրենց ազատման որոշումը, Գագիկ Համբարյանը նշեց, որ իրենք մի քանի օր էլ կսպասեն ու նոր կդիմեն կոնկրետ քայլերի, գործողությունների՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ քայլերի և գործողությունների։
Նշենք, որ Համբարյանին և Խորիկյանին աշխատանքի վերականգնելու կոչին միացել են այլ դասախոսներ, գիտական աշխատողներ, Շիրակի պետհամալսարանի մի շարք ուսանողներ, ուսխորհրդի անդամներ։
Ռեկտոր Սահակ Մինասյանը, սակայն, անդրդվելի է, նա համարում է, որ կայացված որոշումը կամայական չէ և ենթակա չէ վերանայման։







































