Իրավունքի և ազատությոն կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Շանթ Հարությունյանը և իր ընկերները, նոյեմբերի 5-ին, իրենց միացած քաղաքացիների հետ միասին, դուրս եկան երթի:
Հաշվի առնելով նախկին երթերի ու ցույցերի փորձը, երբ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում օրենքի սահմաններում խաղաղ միջոցառման դուրս եկած մարդկանց նկատմամբ, երթից առաջ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են պաշտպանվել սպասվող ոստիկանական բռնությունից: Նրանք իրենց ձեռքերում ունեին խանութներից գնված բահի պոչեր և պայթուցիկներ, որոնք օժտված էին միայն ձայնային էֆեկտով, որևէ մեկին վնաս ոչ հասցրել են և ոչ էլ կարող էին հասցնել: Երթը պետք է ունենար խաղաղ ընթացք: Շանթ Հարությունյանը նախապես ու հստակ հայտարարել էր, որ դեկտեմբերի սկզբին գործողություններ իրականացնելու ծրագիր ունի: Նրանք չէին պատրաստվում ընդհարվել ոստիկանության հետ և ձերբակալվել նոյեմբերի 5-ին:
Ընդհարումը տեղի ունեցավ ցուցարարների մեջ եղած քաղաքացիական հագուստով ոստիկանների` ամենայն հավանականությամբ նախապես ծրագրված սադրանքի արդյունքում: Այս հանգամանքի վրա Շանթ Հարությունյանը, երթից առաջ, ոստիկանության ուշադրությունն էր հրավիրում և պահանջում էր նրանցից նման բան թույլ չտալ:
Շանթ Հարությունյանը քաղաքական կարգախոսերով քաղաքական պայքարի էր դուրս եկել: Հայաստանի քաղաքացին տարիներ շարունակ փորձում է փոխել երկրում տիրող անտանելի քրեական այս մթնոլորտը: Իշխանություններն իրենց կեցվածքով ամեն վարկյան ցույց են տալիս, որ Հայաստանում ընտրություններ չեն լինելու:
Նրանք յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո ժողովրդի արդարացի ընդվզումը ճնշում են մահակներով ու ավտոմատների կրակահերթերով՝ չխորշելով ոչ բռնություններից և ոչ էլ սպանություններից:
Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների պայքարի ընտրած ձևը երկրում ստեղծված իրավիճակին համարժեք էր և է:
Իրավունքի և ազատություն կենտրոնը հայտարարում է, որ Շանթ Հարությունյանը և նրա ընկերները քաղբանտարկյալներ են:
Պահանջում են ազատ արձակել նրանց: Կոչ են անում իշխանություններին սթափվել, հրաժարվել բիրտ ուժի կիրառումից, ընտրակեղծարարությունից, սադրանքներից, քաղաքական ակտիվիստներին հետապնդելու ու կալանավորելու պրակտիկայից: Հակառակ դեպքում մարդկանց մեջ կուտակված արդարացի զայրույթին դիմակայել չեք կարողանալու:
Լուսանկարը՝ Photolure-ի










































