Թուրքիայում կարող է արգելվել տղաների ու աղջիկների համատեղ ուսուցումը՝ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Սադիք Յաքութը: Այս մասին փոխանցում է CNN Turk-ը:
Յաքութի խոսքով՝ տղաների ու աղջիկների համատեղ ուսուցումը մեծ սխալ է եղել, որը Թուրքիան մտադիր է ուղղել:
Նա նշել է, որ երկրում անհրաժեշտ է ստեղծել առանձին գիմնազիաներ տղաների ու աղջիկների համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության նիստում հայտարարել է, որ ուսանողական հանրակացարանները կբաժանվեն երկու հատվածի՝ տղամարդկանց և կանանց:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի բնակչությունը բացասաբար է վերաբերվում նրան, որ երկրում աղջիկներն ու տղաներն ապրում են համատեղ ուսանողական հանրակացարաններում: Նրա խոսքով՝ առանձին ուսանողական հանրակացարանները չպետք է ընկալվեն որպես մասնավոր կյանքի միջամտություն:
«Ներկայում կառավարությունն այդ հարցով չի զբաղվում, սակայն եթե նման անհրաժեշտություն առաջանա, ապա աղջիկների ու տղաների համար հանրակացարանները կառանձնացվեն»,- ասել էր Բոզդագը:
Նրա խոսքով՝ այդ քայլը չի հակասում երկրի Սահմանադրության դրույթներին:
Թուրք իրավապաշտպանները և «Անատոլիայի կանանց շարժումը» դատական հայց են ներկայացրել վարչապետի դեմ՝ կապված նրա հայտարարության հետ:










































