Համակարգային փոփոխություններ պահանջող ազատամարտիկներն այսօր անցկացրին հերթական կլոր սեղան-քննարկումը:
Կլոր սեղանին ներկա լրագրողների համար անակնկալ էր այն, որ իրենք չեն կարող ներկա լինել ամբողջ քննարկմանը:
Սկզբում ելույթ ունեցան կուսակցությունների ներկայացուցիչները. վերջիններս տեսակետ հայտնեցին դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, համատեղ հանրահավաք և երթ անցկացնելու մասին:
ՀԱԿ կուսակցության քարտուղար Սամվել Աբրահամյանն ասաց, որ Հայ ազգային կոնգրեսն ընդունել է այդ առաջարկը և որոշել է մասնակցել. «Մենք համարում ենք, որ խնդրի շուրջ պետք է կոնսենսուս լինի: Կոնսենսուսի պարագայում լիովին պատրաստ ենք այդ օրը համատեղ միջոցառում անցկացնել»,-ընդգծեց նա:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ իր ներկայացրած կուսակցությունը ևս պատրաստ է մասնակցել այդ օրվա համատեղ միջոցառմանը: Մարտիրոսյանը նշեց, որ նախորդ կլոր սեղանին հիվանդ լինելու պատճառով չի կարողացել մասնակցել և, ԶԼՄ-ների հրապարակումները տեսնելով, հարկ է համարում ընդգծել մեկ կարևոր հանգամանք. «Ես այնպիսի տպավորություն ստացա, որ այստեղ կարևորագույն նպատակը Հանրապետական կուսակցությունը փակել-չփակելն է: Ես կարծում եմ, որ մեր խնդիրը ոչ թե որևէ կուսակցություն փակելն է, այլ արդար ժողովրդավար երկիր ստեղծելը, հետևաբար ես ճիշտ չեմ գտնում որևէ կուսակցություն փակելը»:
Նրա դիտարկմանը հակադարձեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը՝ ասելով, թե կուսակցության փակման մասին խոսք չի գնացել. «Ես ընդամենը ասել եմ, որ Հանրապետական կուսակցությունը ղզիկի պես փախավ, երբ արտահերթ նիստ գումարվեց, հետևաբար այդ կուսակցությունը պետք է ինքնալուծարվի. դա հիմք ընդունել պետք չէ»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, համանուն կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ իրենք միշտ կարևորություն են տվել այս նախաձեռնությանը և ցանկանում են, որ բարձրացվեն կոնկրետ խնդիրներ, պատրաստ են իրենց նպաստը բերել լուծումների ձևավորմանը: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ նախաձեռնությանը, Ուրիխանյանը նշեց, որ նախաձեռնությունը դրական է, և երբ լինի քննարկում, իրենք ևս իրենց դիրքորոշումը կհայտնեն:
ՀԺԿ, «Հայրենիք և պատիվ», «Ազգային անվտանգություն», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչները ևս իրենց համաձայնությունը հայտնեցին դեկտեմբերի 10-ին համատեղ միջոցառում անցկացնելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:






































