Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին միության 10-ամյակի կապակցությամբ,- տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական kremlin.ru կայքէջից:
Ուղերձում մասնավորապես ասված է. «Ռուս և հայ ժողովուրդներին դարերի ընթացքում միավորում է անկեղծ բարեկամությունն ու համակրանքը, որ հիմնված են փոխադարձ հարգանքի վրա: Սերտ համագործակցության ու բարիդրացիական հարաբերությունների ավանդույթը փոխանցվել է սերնդից սերունդ և նպաստել է մեր մշակույթների զարգացմանը: Իսկ հարյուրավոր հայերի համար, որոնց շարքում կան նաև նշանավոր մարդիկ, Ռուսաստանը դարձել է երկրորդ հայրենիք:
Այսօր հայկական սփյուռքը ակտիվորեն մասնակցում է ռուս հասարակության տնտեսական ու սոցիալական կյանքի ամրապնդման գործին: Եվ քիչ բան չի անում մեր երկրի ազգամիջյան համաձայնության և մշակութային բազմազանության պահպանման համար:
Ցանկանում եմ ձեզ բարօրություն, հաջողություններ և ամենայն բարիք»:
«Ռուսաստանի հայերի միությունն» այսօր նշում է իր 10-ամյա հոբելյանը: