Forbes ամսագիրը հաղորդել է, որ համացանցնում է հայտնվել Assassination Market («Սպանության շուկա») անունը կրող ռեսուրսը, որի օգտատերերը գումար են հավաքում հայտնի քաղաքական գործիչների սպանության համար:
Forbes-ի թղթակից Էնդի Գրինբերգը պարզել է, որ կայքը գործում է հարթակում, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է որոշակի գումար «նվիրաբերել» այս կամ այն մարդու սպանության համար: Եթե սպանությունն իրագործվի, ապա պատվեր կատարողը կստանա ռեսուրսի միջոցով հավաքված ամբողջ գումարը: Ներդրում հնարավոր է կատարել բիթքոինների (անանուն էլեկտրոնային արժույթ) միջոցով: Assassination Market-ին հնարավոր է հասանելիություն ձեռք բերել միայն Tor անանուն ցանցի օգնությամբ:
Գրինբերգի փոխանցմամբ՝ Assassination Market-ն ընդհանուր առմամբ գործում է ավելի քան չորս ամիս: Այս ընթացքում կայքում տեղադրվել է մի քանի «պատվեր»: Մասնավորապես, ռեսուրսի օգտատերերը սկսել են գումար հավաքել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քիթ Ալեքսանդերին սպանելու համար: Ամենաշատ գումար հավաքվել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեի սպանության համար՝ ավելի քան 85 հազար դոլար:
Assassination Market-ի ենթադրյալ հիմնադիրը հաղորդել է, որ կայքը մտադիր է ապագայում հավաքել բավականաչափ օգտատերերի և օգնել՝ սպանելու բավականաչափ քաղաքական գործիչների, որպեսզի նրանք վախենան զբաղեցնել հասարակական պաշտոն: Կայքի հիմնադիրը հավատացած է, որ դա կօգնի փոխել աշխարհը և այն ավելի լավը դարձնել:












































