Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկում է «Հակասոցիալական վարք, հանցագործությունների և ոստիկանության մասին օրինագիծը», որը կարող է արգելել խաղաղ ցույցերը՝ հաղորդում է The Independent-ը:
Օրենքի ընդունման դեպքում արգելքի տակ կարող են հայտնվել խաղաղ ցույցերը և նույնիսկ այգիներում սքեյթ քշելը:
Հասարակական տարածքի պաշտպանության նոր կարգադրությունները քաղաքային իշխանություններին թույլ են տալիս սեփական ուժերով պայքարել այնպիսի խախտումների դեմ, ինչպիսիք են՝ մուրացկանությունը, հրապարակավ ալկոհոլ օգտագործելը, սխալ վայրերում շներին զբոսանքի հանելը: ՆԳՆ-ը հայտարարել է, որ նոր միջոցառումների նպատակն է կարգուկանոն հաստատել հասարակական վայրերում:
Ակտիվիստներն իրենց հերթին կարծում են, որ օրենքի կետերն այնպես են ձևակերպված, որ դրանց ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ճնշելու խաղաղ ցույցերը: Պաշտոնապես նոր օրենքի նպատակներն են նվազեցնել բյուրոկրատիան և ավելի շատ լիազորություններ փոխանցել տեղի իշխանություններին:







































