Չինաստանը 2018 թվականին պաշտպանական ծախսերը կավելացնի 8,1 տոկոսով՝ մինչև 1,11 տրլն յուան (մոտավորապես 175 մլրդ դոլար): Այս մասին հաղորդվում է կառավարության աշխատանքի վերաբերյալ զեկույցում, որը մարտի 5-ին հրապարակվել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենամյա նստաշրջանում:
Չինաստանի պաշտպանական բյուջեն իր ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից հետո: 2017 թվականին այն ավելացվել էր 7 տոկոսով և պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել 1 տրլն յուանի նշագիծը՝ հասնելով 1,044 տրլն յուանի (մոտավորապես 151,97 մլրդ դոլար):

Միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում՝ SIPRI-ն, ենթադրում են, որ Չինաստանն էականորեն նվազեցնում է ռազմական բյուջեին վերաբերող պաշտոնական տվյալները, իսկ նրա իրական պաշտպանական ծախսերը կարող են բարձր լինել 25-50 տոկոսով:
Ռազմական ոլորտի վերլուծաբանների կարծիքով՝ հրապարակվող տվյալները չեն ներառում ֆինանսավորման գծով մի քանի շատ ընդգրկուն հոդվածներ՝ ռազմավարական ուժերի, պաշտպանական գիտատեխնիկական մշակումների, օտարերկրյա սպառազինությունների ներմուծման, ժողովրդական զինված ոստիկանության (ներքին զորքերի նմանօրինակը) և այլ ծախսերը: Բացի այդ, հաշվի չեն առնվում ռազմական կարիքների համար նահանգային իշխանությունների ծախսերը։











































