«Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցները նոյեմբերի 15-ին ներխուժել են Լոնդոնի համալսարանի Արևելքի ու Աֆրիկայի երկրների ուսումնասիրության դպրոց (SOAS) ու խանգարել դասախոսությունը, որը կազմակերպել էր համալսարանի Պաղեստինի միավորումը:
Հրավիրված բանախոսը՝ Մուհամմեդ Ան-Նաբաուին լսարանը լքել է անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, այն ժամանակ, երբ իսլամիստական շարժման ակտիվիստները վանկարկել են կարգախոսներ Եգիպտոսի նոր կառավարության դեմ, հայտնում է RT-ն: Վերջիններս ագրեսիվ վարքով իրենց դժգոհությունն են հայտնել Նաբաուիի արտահայտած գաղափարների հանդեպ, որը պատկանում է «Տամարուդ» շարժմանը: Շարժումն աջակցում է Եգիպտոսի ներկայիս իշխանություններին:
Դասախոսության ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են այն փոփոխություններին, որոնց բախվել է Եգիպտոսը երկրի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիին իշխանությունից զրկելուց հետո:
Դեպքից հետո համալսարանի պաղեստինի միավորումը դատապարտել է «Մուսուլման եղբայրների» գործողությունները:











































