Աշնանային ծառատունկին վարչական բոլոր շրջաններում ընդհանուր հանրագումարով 20.000 ծառ և թուփ է տնկվելու։ Աջափնյակ վարչական շրջանում արդեն տնկվել է թփերի հատկացված խմբաքանակը։ 2200 թփից բացի վարչական շրջանում 1100 ծառ է տնկվում։
«Աշնանային ծառատունկին նոր տնկիներով են համալրվում Աջափնյակի հատկապես նոր բարեկարգված բակերը. այդպիսով իրականացնում ենք այդ բակերի լիարժեք բարեկարգումը։ Բնակիչների, համատիրությունների, ինչպես նաև կանաչապատման ձեռնարկության աջակցությամբ, այս օրերին ծառատունկ է Աջափնյակի բակերում, դպրոցների ու մանկապարտեզների, ինչպես նաև վարչական շրջանի այլ գերատեսչությունների հարակից տարածքներում»,- նշել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ աշնանային ծառատունկին Աջափնյակում տնկվում են հացենի, սոսի, ինչպես նաև գնդաձև ակացիա։







































