ԱՄՆ Կոնգրեսը և ժողովուրդը հոգնել են պատերազմներից՝ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած ազգային անվտանգության հարցով համաժողովին: Նախարարի խոսքերը մեջբերում է Military Times պարբերականը:
«Պետք չեն այլևս պատերազմներ, պետք չէ Մերձավոր Արևելք: Կոնգրեսն արտացոլում է ժողովրդի կամքը: Այդպիսին է ժողովրդավարությունը»,- ասել է Հեյգելը՝ նշելով, որ Պենտագոնը պետք է ավելի սահմանափակ դեր ունենա երկրի արտաքին քաղաքականության կուրսի ձևավորման մեջ:
Համաձայն ԱՄՆ Սահմանադրության՝ պաշտպանության նախարարը կառավարական հիերարխիայի ավելի ցածր մակարդակում է, քան պետքարտուղարը կամ ֆինանսների նախարարը: Հեյգելի կարծիքով՝ դա միանգամայն արդարացի է:
Բացի այդ, Պենտագոնի ղեկավարը նշել է, որ նրանք, ովքեր հակամարտությունների լուծումը դիվանագիտական ճանապարհներով թուլություն են համարում, սխալվում են:
Նա նաև հավելել է, որ պատերազմը փառք չի բերում, այլ միայն տառապանքներ:






































