The Hill ամերիկյան պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ի առևտրի պալատի նախագահ Սառա Ուիլյամսոնի «Ժամանակն է ազատ առևտրի մասին պայմանագիր կնքելՎրաստանի հետ» վերնագրով ակնարկը:
Նրա խոսքերով՝ վերջին տարիներին միայն մի քանի երկիր կարող է համեմատվել Վրաստանի հետ ժողովրդավարության զարգացմամբ, այդ թվում ընտրական, օրենսդրական, գործադիր, դատական տեսանկյունից:
«Երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որոնք մեծ ներդրում են ունեցել ներկայիս Վրաստանի ձևավորման գործում, լքում են կառավարությունը: Վրաստանը մտնում է կառավարման ավելի գործուն փուլ, որտեղ ժողովրդավարական ինստիտուտներն ավելի բարձր են կանգնած, քան առանձին անձինք»,- ասել է նա:
Ուիլյամսոնը նաև նշել է որ ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը զուգահեռ՝ Վրաստանը սկսել է բարեփոխումներ իրականացնել բիզնես ոլորտի զարգացման և գլոբալ տնտեսությանն ինտեգրվելու նպատակով: Նա, վկայակոչելով Համաշխարհային բանկի կանխատեսումը, նշել է, որ հաջորդ տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 5-6%-ով:
Հոդվածում նշվում է նաև, որ Վրաստանը պատրաստ է ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում: ԵՄ-ի կանխատեսումների համաձայն՝ ազատ առևտրի պայմանագիրը Վրաստանի արտահանումը ԵՄ կմեծացնի 12 %-ով, իսկ ներմուծումը՝ 7-8 %-ով:
«2 տարի առաջ նախագահ Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կսկսի քննարկել ազատ առևտրի մասին պայմանագիրը Վրաստանի հետ: Քանի որ Վրաստանը բավարարված է Խորը և համապարփակ ազատ առևտրի ԵՄ պահանջներից, որոնք համարվում են նաև ԱՄՆ-ի պահանջները, արդեն ժամանակն է, որպեսզի երկու երկրներն ուղիներ առաջարկեն՝ այս օգտակար նախաձեռնության առաջխաղացման համար» ,- ասվում է հոդվածում:
Ուիլյամսոնի խոսքերով՝ աշխարհի այն տարածաշրջանում, որը հեռու է ժողովրդավարությունից և ազատ շուկաներից, Վրաստանը յուրատեսակ հաջողության օրինակ է, որից պետք է օգտվեն ամերիկացի քաղաքական գործիչները՝ ընդլայնելով ինտեգրացման հնարավորությունները եվրատլանտյան կառույցներին:











































